Գումարները պետք է վերադարձվեն բյուջե. Իշխան Զաքարյան
Վերահսկիչ պալատը 2013 թվականի հաշվետվության մեջ նշել է, որ խախտումներ են արձանագրվել նաև կրթական որոշ հաստատություններում: Այս մասին այսօր Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ երկար ժամանակ քննարկվում էր ՎՊ_ի օպերատիվ վերահսկողություն անելու հարցը, երբ արտաքին վերահսկիչ մարմինը պետական բյուջեի և՛ ծախսային մասի, և՛ մուտքերի հետ կապված, և՛ նաև պետական սեփականության տնօրինման հետ կապված որոշակի կառույցների հետ իրականացնում է օպերատիվ հսկողություն:
“Սա նշանակում է, որ մենք ոչ թե սպասում ենք, որ տարին ավարտվի կամ երկու տարի անցնի, այլ ընթացքում, երբ նախարարությունը, ենթադրենք՝ ծրագրերի իրականացման գրասենյակը կամ որևէ այլ կառույց ինքը պետական բյուջեի կամ վարկային միջոցների ծախս է նախատեսում, ընթացքում մենք օպերատիվ հսկողության ռեժիմով կարողանում ենք շարժվել առաջ և տեսնել՝ մոտավորապես ինչ թերություններ կան:
Այս առումով ԿԳ նախարարի և ՎՊ-ի միջև այս համաձայնությունն անցած տարի կայացվեց, և շատ լավ արդյունք տվեց: Պետք է ասեմ, որ իրոք դինամիկ, շատ օպերատիվ և՛ նախարարության աշխատակազմը, և՛ ՎՊ-ն կարողացան այս թերությունները հայտնաբերել և մենք այս ֆինանսական խախտումների մասին չենք ասում՝ գիտեք ինչ, սա արդեն յուրացվել է, սա արդեն գնացել է, այլ ասում ենք, որ ընթացքում կանգնեցվել է խնդիրը”,-բացատրեց Ի. Զաքարյանը:
Վերջինս նկատեց, որ խնդիրը ՊՈԱԿ-ների հետ կապված է միայն խնդիր առաջացել, 355 մլն դրամի ՎՊ-ի հանձնաժողովն արձանագրել է վճարված գումարներ: “Այստեղ կար լրացուցիչ ուսումնասիրության խնդիր, և ես ինքս նաև այդ խնդիրը դրեցի, որ տեսնենք՝ ինչպես ենք վարվելու այս դեպքում, որովհետև այդ կազմակերպություններից մի քանիսն այսօր իսկապես լավ և բարձր համբավ ունեն կրթական բնագավառում և բավականին լավ աշխատանք են կատարում:
Լրացուցիչ քննարկեցինք, ինչից հետո էլ մենք միանշանակ եկել ենք այն կարծիքին, որ այս գումարները վերականգման ենթակա գումարներ չեն, որ այս գումարները վճարված են ժամանակին, վճարված են ճիշտ և վճարված են ըստ ծրագրերի, որոնք իրենք ներկայացնում են նախարարություն և պետք է առաջ գնան, ուղղակի այստեղ մեկ խնդիր կար, որ կանոնադարությունը մշակված չէր, և ՎՊ հանձնախումբը դիտարկում էր որպես սովորական հանրակրթական դպրոցներ այն դեպքում, երբ իրենք ավելի բարդ ծրագրեր են իրականացնում”:
ՎՊ-ը այս պարագայում խնդիր է դրել նախարարության առաջ, որ արագ կարողանան կանոնադրական այդ խնդիրները կարգավորել, լուծել, որպեսզի ընդհանրապես այս թեման հետագա քննարկումների տեղիք չտա: “Մնացած դեպքերում արձանագրված խախտումների մասով գումարները պակասեցվել են ծրագրերից և մեր առաջարկությամբ տարեվերջին դրանք պետք է վերադարձվեն պետական բյուջե”,-տեղեկացրեց նա: