Նոր իրավիճակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում
Կորոնայի պատճառով ստիպված եմ կրկին հոդվածի ժանրին դիմել, խնդրում եմ խիստ չդատել։
Հաղթանակի նոր որակները
Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020թ-ին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ:
Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բախումների հետ, համոզվում եմ, որ սա ՊԱՏԵՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:
Որովհետև.
1.Իլհամ Ալիևը ու իր մեծ եղբայր Ռեջեփն այս անգամ էլ մնացին սահմանին ու առաջ չեկան, բայց ամեն ինչ արել էին ու անում են, որ գան:
- Մոջահեդներն առաջին անգամ չեն Արցախում, Շուշիից Շամիլ Բասաև է փախել, բայց այս անգամ մոջահեդներին բերել են Արցախ՝ իբրև պատերազմի “միս”, որ ազատվեն ավելորդ զանգվածից, ու դա ապացուցում է Թուրքիայի՝ ոչ միայն ահաբեկչական պետություն լինելը, այլև՝ թուրք, այն թուրքը, որ համբուրում է ձեռքը, որը չի կարողանում կտրել, իսկ երբ կարողանում է՝ գլուխն է կտրում:
3.Միայն Պակիստան, Աֆղանստան. ուրիշ ոչ մի պետություն այսօր չի ուզում հարաբերվել Թուրքիայի հետ, ու այս պատերազմն աշխարհին վերջապես ապացուցեց՝ ինչ վտանգ է Թուրքիան իր համար: Ապացուցեց, որ բավական է սիրաշահել Էրդողանին, նա դա համարում է իր ուժի ու դիմացինի թուլության նշան:
Իսկ ընդհանրապես, այս պատերազմի ամենամեծ ֆենոմենը մեր ԲԱՆԱԿՆ է, որ ցանկացած տրամաբանություն, հաշվարկ, եզրակացություն գրողի ծոցն է ուղարկում ու ապացուցում է իր տրամաբանությունը, ստիպում է հաշվի նստել իր եզրակացության հետ ու սկսել նոր հաշվարկ՝ նոր պայմաններում:
Պատերազմի հինգերորդ օրը շատ վաղ է կանխատեսումների համար, բայց կան արդեն ՓԱՍՏԵՐ, որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ ,ինչպես 2016-ին, չորրորդ օրը հրադադար կլինի՝ Ռուսաստանի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: ՌԴ նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիևի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին: Բայց իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետևանք է:
Նոր իրավիճակն այն է, որ.
1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում:
2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպումը:
3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել:
Ու սա փակում է ամբողջ “կոնֆիդենցիալի” հեքիաթը, որի վրա իշխանափոխության տեսություններ էին կառուցվում:
Հայկական բանակն այլևս մեծ ընտրություն է տալիս մեզ՝ բանակցե՞լ, թե՞ բանակցություններից առաջ նախապայմաններ դնել: Գուցե նաև՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու հարցը փակել: Հայկական բանակը մեծ ընտրություն է տալիս աշխարհին՝ շարունակե՞լ “Խուլ եմ, կույր եմ, համր եմ” սկզբունքով անատամ-անողնաշար հայտարարությունները կողմերին, թե ագրեսորին անվանել ագրեսոր ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հիմնավորում ընդունելով բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքն ու ինքնորոշման իրավունքը: Հայկական բանակը փակում է Ադրբեջանի ու Թուրքիայի մանևրի դաշտը, ու եթե Ալիևը բանակցությունների համար դեռ պայման է դնում հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, ընդամենն ապացուցում է, որ կորցրել է իրականության զգացումը: Ինչպես և Էրդողանը, որ ստիպված է ձեռնունայն վերադառնալ իր Լիբիա-Սիրիա-Իրաք-Միջերկրական շրջանակին ու այնտեղ պրոկսի պատերազմներ հրահրել ու վարել:
Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում՝ խաղաղություն պարտադրելու՝ լինելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխավորը:
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ