23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է հասկանանք հետևյալը՝ Արցախյան ազատամարտն էլ տևեց շուրջ 2-2.5 տարի, պետք է նախապատրաստվենք լայնամասշտաբ գործողությունների և դիմադրության. Սեյրան Օհանյան. tert.am

Այս պահին մենք կարող ենք արձանագրել՝ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ոչ միայն Հայաստանի և Արցախի շուրջ, այլ՝տարածաշրջանում. արցախյան հատվածում մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական դավադրության հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Օհանյանն ընդգծեց, որ եթե ապրիլյան պատերազմի ժամանակ՝ 2016-ին, Թուրքիան այնքան էլ չէր նկատվում, ապա այս անգամ Թուրքիայի մասնակցությունը միանշանակ նկատելի է և ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրության համար: «Նկատելի է և՛ նրանց զինվորականների մասնակցությունը, և՛ ռազմական տեխնիկան, և՛ Թուրքիայի դավադիր իշխանությունների անմիջական պլանավորմամբ Սիրիայից վարձականների մասնակցությունը մարտական գործողություններին: Պաշտպանության բանակն այսօր մարտական գործողություններ է վարում իր պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերը համագործակցում են վերաբերող մասով՝ աջակցություն ցույց տալու համար»,- ասաց նա:

Օհանյանը նշեց՝ մարտական գործողություններ են ընթանում, և բնականաբար, այդ մարտական գործողությունների ընթացքում լինում են և՛ հաղթանակներ, և՛ զիջումներ, և՛ անհաջողություններ, բայց մենք պետք է հասկանանք հետևյալը՝ Արցախյան ազատամարտն էլ տևեց շուրջ 2-2.5 տարի, պետք է նախապատրաստվենք լայնամասշտաբ գործողությունների և դիմադրության:

«Մեզ կփրկի միայն ազգային միաբանությունը, հայ ժողովրդի համախմբումը, հավաքական ուժը, բանակի շուրջ համախմբվելը, նաև միջազգային համագործակցությունը, ռազմական համագործակցությունը հատկապես ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Պետք է նաև միջազգային հանրությանը հասկացնենք, որ այսօր դավադիր ուժը ոչ թե Ադրբեջանն է, Ադրբեջանն այսօր շատ թույլ է, այլ՝ Թուրքիան: Պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք կառուցողական են տրամադրված Թուրքիայի դեմ երկարատև, նաև հիբրիդային պատերազմի»,- շեշտեց նա:

Օհանյանը նաև ասաց, որ մեր զինվորները, հրամանատարները հմուտ են և հերոսաբար են կռվում: «Ցավոք, նաև ունենք զոհեր, դա ցավալի է, պետք է արձանագրենք՝ մեզ համար մեկ զոհն էլ շատ մեծ զոհ է, բայց, ցավոք սրտի, մեծ խնդիրները, գաղափարական խնդիրները, մայր հողը պահանջում է նաև թափված արյուն: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր այս օրերին զոհվեցին, նրանց գործը բոլորս միասին պետք է շարունակենք: Ուզում եմ դիմել բանակի ղեկավարությանը և զինվորներին՝ բազմաթիվ են նախկին պատերազմի մասնակցիները, ազատամարտիկները, նախկին գեներալները, սպաները, չնայած նրան, որ մեզ մոտ նախկին զինվորական, սպա, կամ նախկին երկրապահ չի լինում, բոլորը պատրասը են այսօր կանգնելու բանակի կողքին և ապահովելու Արցախի անվտանգությունը»,- վստահեցրեց Արցախի հերոսը:

Դիտարկմանը՝ նա նշեց, որ միջազգային հանրությունն էլ տեսնում է, որ Արցախի դեմ այս պատերազմը ավելի շատ Թուրքիայի կողմից է հրահրվել, և հարցին՝ արդյո՞ք միջազգային հանրության արձագանքը համարժեք է, քանի որ երեկ էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ չի գոհացնում միջազգային արձագանքը, այն համարժեք չէ, Օհանյանն արձագանքեց. «Ես խորությամբ չեմ տիրապետում, այդ հարցը պետք է բոլորս ուսումնասիրենք և եթե այդ ուղղությամբ բացթողումներ կան, ապա միջազգային հանրության հետ անպայման պետք է աշխատել: Պետք է տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս բոլոր ուժերը համախմբվեն և Թուրքիային պատժեն, այդ սրիկաներն այս անգամ իրենց անմիջական մասնակցությունն են ունենում և այդ սրիկաների (Թուրքիայի ղեկավարություն)  հայտարարություններն ուղղված են հայ ժողովրդի, Արցախի դեմ, նրանք ուզում են ոչնչացնել մեզ բոլորիս, այդ դեպքում մենք պետք է ամեն ինչ անենք, համախմբվենք և կենաց մահու կռիվ տանք»:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գնահատականին, ապա Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե բավարար չենք գնահատում, ապա պետք է ամեն ինչ անել, մեր դիվանագիտական բոլոր խողովակները, դիվանագիտական ու  ռազմադիվանագիտական ամբողջ կորպուսը պետք է իր ջանքերը ներդնի այդ ուղղությամբ լիարժեք աշխատանք տանելու համար:

Օհանյանը շեշտեց. «Մեր պատերազմն արդար է, մենք կռվում ենք մեր հայրենի հողի վրա, դա նշանակում է, որ մենք մեր առջև դրված խնդիրը կատարելու ենք: Ես համոզված եմ, որ հայկական բանակի և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներն ինչպես միշտ, այսօր էլ պինդ կանգնած են լինելու իրենց դիրքերում: Պարզապես մենք պետք է իմանանք հետևյալը՝ պետք է համբերությամբ լցվենք, չպետք է ընկճվենք, ինձ թվում է՝ պատերազմական գործողություններն այս անգամ երկարատև են լինելու և մենք մեր հավաքական ուժը, մեր ազգային ամբողջ կամքը, ազգային ներուժը պետք է ուղղենք մեր երկրի պաշտպանությունն իրականացնելուն»:

Ճշտող հարցին՝ կանխատեսում է, որ երկա՞ր կտևեն ռազմական գործողությունները, նա ասաց, որ իր կարծիքով՝ Ապրիլյան պատերազմից մի քիչ երկար կտևի. «Բայց ընդհանուր պատերազմը, ընդհանուր հիբրիդային պատերազմը մեր ազգի համար երկարատև է լինելու, և այդ երկարատև պայքարի արդյունքում մենք հասնելու ենք առավելության և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ