Ադրբեջանը օդային և ցամաքային հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, հրետանակոծվում է Ստեփանակերտը, կան քաղաքացիական զոհեր
Արցախի ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ, տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը:
Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»,– ասվում է Արցախի ՄԻՊ հայտարարությունում:
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- գրել է նա։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թարթառի հատվածում խոցվել է իրենց մարտական ուղղաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-ասված է հաղորդագրության մեջ: