Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն հանդիպի. Ազգ
Տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի ու Ժակ Ֆորի մեկնարկած այցելության ավարտից հետո նախատեսվում է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Այս մասին գրում է “Ազգ”-ը, նշելով որ երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը :
Պոպովը մանրամասնել է, որ մոտ հեռանկարում, հնարավոր է` ամառային արձակուրդների ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ առանձին-առանձին, ապա նաեւ համատեղ տարբերակով կհանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ուստի մինչ այդ դեռեւս որեւէ խոսակցություն չի տարվում երկու նախագահների հանդիպման առնչությամբ: Իսկ թե երբ կլինի հանդիպումը արտգործնախարարների հետ` Պոպովը չի մանրամասնել, հղում անելով երկու նախարարների աշխատանքային գրաֆիկին, բավարարվելով միայն ամռան վերջը նշելով:
Ռուսաստանցի համանախագահը նաեւ տեղեկացրել է, որ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ արդեն իսկ քննարկել են վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծի միջադեպերը, նույնն էլ արվելու է Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում կայանալիք հանդիպումներում:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն իր հերթին ավելացրել է, թե այսօր հատելու են շփման գիծը, ընդ որում, դրա կարեւորությունը կապվում է հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորման հետ: “Շփման գիծը պետք է մշտապես լինի այս տարածաշրջանի մարդկանց բաժանող գիծ”, ադրբեջանական գործակալության փոխանցմամբ նման տարօրինակ հայտարարություն է արել ամերիկացի համանախագահը, այդկերպ հիշեցնելով իր նախորդին` Մեթյու Բրայզային, որի խոսքերը հաճախ էին տարբեր մեկնաբանությունների ու նաեւ թյուրըմբռնման տեղիք տալիս: