Նիկոլը «փուռը տվեց»։ Գոգյանի թիկունքին չկար ո՛չ քաղաքական ուժ, ո՛չ էլ հարուստ հովանավոր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գոգյանը մի քանի ամիս առաջ է ազատման դիմումը ներկայացրել, սակայն վարչապետ Փաշինյանը որոշումը չէր ստորագրում։
Այս առնչությամբ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ և ակտիվ մասնակցությամբ արդեն մեկ տարի էլ ԿԳՄՍՆ-ԲՈԿ շարունակվող պայքարի արդյունքում իրենց պաշտոններից զրկվեցին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը…
Շատ զզվելի էր, որ հենց վարչապետի թողտվության արդյունքում շատերս այս ժամանակահատվածում ստիպված եղանք հետևել իրենց ակադեմիական միջավայրի մաս համարող մարդկանց ոչ ակադեմիական վարքագծին և բառապաշարին… Այդ ամենին նաև գումարվում էր երկար անունով նախարարության ղեկավարի կրավորական կեցվածքը, որն ավելի զավեշտալի էր…
Գոգյանն ու Թամրազյանը զրկվեցին իրենց պաշտոններից, բայց բարձրագույն կրթությունը պարտված մնաց, քանի որ հակամարտության պատճառ հանդիսացողը՝ ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանը, որն ըստ ԶԼՄ-ների Թամրազյանի ընկերուհին է և որի դոկտորականի պահով Գոգյանը գրագողության բազմաթիվ ապացույցներ էր ներկայացրել, Նիկոլի սանձազերծած այս էժամագին սցենարով առաջ տարված խաղի արդյունքում շատ մեծ հավանականությամբ կնշանակվի վերը նշված բուհի ռեկտոր… Բայց հասարակությունը մինչև հիմա պատասխան չստացավ, թե արդյո՛ք Գալոյանի դոկտորական ատենախոսությունը գրագողություն էր, թե՝ ոչ…
Նիկոլն իր գեղական ոճով կազմակերպված այս ֆարսով փորձեց հանրությանը ցույց տալ, որ, իբրև թե, հավասարապես պաշտժում է հակամարտող երկու կողմերին էլ… Սակայն իրականում իր իշխանության փայատեր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը և նույն Թամրազյանը, որը եթե հավատանք ԶԼՄ-ներին ամեն գնով պաշտպանում էր Գալոյանին, հաղթանակած դուրս եկան այս պայքարում…
Պարտվեց ակադեմիական ազնվության ջատագովի, շատ լավ մասնագետի և սկզբունքային մարդու համբավ ունեցող Սմբատ Գոգյանը, որի թիկունքում, ի տարբերություն Գալոյանի, չկար ո՛չ քաղաքական ուժ, ո՛չ էլ հարուստ հովանավոր…
Հ.Գ. Եթե Նիկոլը լիներ արդարության կողմնակից, ապա պաշտոնազրկված Թամրազյանի և Գոգյանի անունների կողքին մենք կտեսնեինք նաև կոնֆլիկտի պատճառ դարձած Գալոյանի անունը…