Օգոստոսին 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ներդրումները օգնում են, որպեսզի երկրում աշխատատեղերը չփակվեն։
«Ուզում եմ ընդգծել, որ նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին և 2020 թվականի օգոստոսին մենք 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան՝ 2019 թվականի օգոստոսին և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946-ով ավելի աշխատատեղ», – ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս միտումը շարունակվում է նաև աշխատավարձերի մասով:
«Մի տարբերությամբ՝ 2020 օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ երկրում ամբողջ աշխատավարձային ֆոնդը ավելի է եղել 10 մլդ 974 մլն դրամով կամ 9.6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին պակաս է եղել 2 մլդ 663 մլն դրամով։ Պետք է վերլուծել, հասկանալ, թե ինչի հետ է կապված։ Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ ավելի է եղել 16 371 դրամով կամ 7.3 տոկոսով, սակայն 2020 թվականի օգոստոսին հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5971 դրամով կամ 2.9 տոկոսով։ Սրանք, իհարկե, թվեր են, որոնք դեռ պետք է վերլուծել, սակայն արձանագրումն այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է և առնվազն վատ չէ», – նշեց նա։