Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին. Վիտալի Բալասանյան
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ տոն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, և այն իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին հայ ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ ապրելու իր երազանքը, ու հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:
Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ:
Այսուհետ ևս մենք հաստատակամ և հետևողական քայլեր ենք իրականացնելու՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը:
Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին, քանի որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը, ու մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք կերտել ժողովրդի լավագույն ապագան:
Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենանվեր գործերով շենացնելու մեր երկիրը, և այս տոնի պանծալի խորհրդով մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և անկոտրում կամք։
Աստված ապավեն Հայաստան աշխարհին»: