Այո, մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին, բայց ինչպե՞ս վստահել

”Մենք իսկապես երեք պայմաններ էինք առաջարկել, բնականաբար, եթե իշխանությունը ցանկություն ունենար այդ պայմաններն իրականացնելու, ինքը կհայտարարեր։ Չնայած որ այդ պայմանները շատ հասկանալի ու տեսանելի են, և լավ կլինի` սխալվեմ, բայց չեմ կարծում, որ իշխանություններն այդ պայմանները կիրականացնեն”,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն` ի պատասխան հարցի, թե ինչու ”Ժառանգության” առաջարկած 3 կետերը խնդիր չառաջացրին հանրահավաքի օրվա հետ կապված, իսկ ՀՅԴ-ի դեպքում խնդիր եղավ:
”Ի սկզբանե հայտարարել ենք, որ խիստ կասկածում ենք, որ իշխանությունը բարեփոխում, ըստ էության, է ուզում իրականացնել, որովհետև բոլոր նորմերը խախտվում են հենց իշխանության կողմից։ Իշխանության վերարտադրման համար կրծքով պաշտպանում են Ընտրական օրենսգիրքը, բազմաթիվ դրույթներով, որոնք ուղղակի չեն ապահովում ազատ արդար ընտրություններ, և դրանից այսպես տեսանելին 41 մեծամասնական մանդատն է, որ միշտ իշխանության գրպանում է հայտնվում: Այս փաստերը մեզ հույս չեն ներշնչում, որ իշխանությունները բարեփոխումնների են գնում ըստ էության և ոչ թե այլ նպատակ են հետապնդում”,-հավելեց Ռ. Հակոբյանը։
Վերջինս կարծում է, որ գործող Սահմանադրությամբ ամենաառացքային կետերը խախտվում են հենց գործող իշխանության կողմից, որը նախատեսել է բարեփոխումներ: ”Այդ հոդվածներն, առնվազն երկրորդ հոդվածը, որ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից, կամ 65 հոդվածը, որտեղ ասվում է, որ պատգամավորները պետք է միայն զբաղվեն պատգամավորական գործունեությամբ, հենց խախտվում է իշխանություների կողմից։ Բացի այդ նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված, եթե իշխանությունը չի իրականացնում օրենքի դրույթները, և ինքն էլ խոչընդոտում է, ինչպե՞ս վստահել, որ խնդիր է դրված ապահովել Սահմանադրության նորմալ, բնականոն զարգացումը։ Այո, մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին, և տարբեր առիթներով ասել եմ, նույնիսկ 93-95թթ-ին, երբ Գերագույն խորհդի անդամ էի, ես ինքս էի ներկայացնում այդ այլընտրանքային նախագիծը պետական կառավարման մասին անցում խորհրդարանական համակագին”,-եզրափակեց պատգամավորը: