Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանին ասել է, որ կապ չունի Փաշինյանի հետ․ Politik.am
Politik.am-ը գրում է.
«Երեկ օրվա ավարատին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: ՀԱԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։
Ըստ մեր աղբյուրի Տեր-Պետրոսյանը մտահոգ է եղել, որ իր անունը կապում են գործող իշխանությունների հետ։ Առաջին նախագահը գիտակցելով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերը, դեսպանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ փաստեր բերելով պնդել է, որ ինքը կապ չունի գործող իշխանությունների հետ։ Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ որպես փորձառու պետական այր չէր կարող հարաբերություններ ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը թոշակառու մարդ ու քաղաական հետաքրքրություններ չունի և խնդրել է Փաշինյանի հետ վատ հարաբերությունները չպրոյեկտել իր վրա։ Տեր-Պետրոսյանի ՌԴ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպումը մեզ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը մոտ է։ Անհաջողությունից առաջ գործընկերներին «գցելը» Տեր-Պետրոսյանական մեթոդ է։
Հիշեցնենք, երբ 2015 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պայքարի էր դուրս եկել նախկին իշխանությունների դեմ Տեր-Պետրոսյանը վճռական պահին հրապարակային նամակ գրեց նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո հանդիպելով նրա հետ, ըստ էության դուրս եկավ խաղից ու ԲՀԿ-ին միայնակ թողեց։ Հիմա էլ Տեր-Պետրոսյանը փորձում է ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանության խարանից զգալով հնարավոր զարգացումները»։