ՀԴՄ քանակ հաշվելիս ուսումնասիրեք նաև «նիսյա»-երի ցուցակները. Անի Սամսոնյանը՝ վարչապետին
Հուլիս եւ օգոստոս ամիսներին թե´ Երեւան քաղաքում եւ թե մարզերում տարբեր ապրանքների վաճառքի կետերում հարցուփորձ էի անում սպառման շարժի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չկար որեւէ խանութ, որտեղ վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը: Առանց տնտեսագիտական ճշգրիտ վերլուծությունների բնակչության սոցիական ոչ բարվոք դրության մասին կարելի էր առերեւույթ կարծիք կազմել:
Այսօր ՀՀ վարչապետը Կառավարության նիստում ասել է, որ 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազել է 2.5 տոկոսով եւ հավելել` տվյալները վկայում են, որ Հայաստանում սոցիալական կոլապս եւ ճգնաժամ չկա:
Կարծում եմ գրասենյակներում տնտեսական վերլուծություններ անելիս եւ ՀԴՄ քանակ հաշվելիս կարիք կա ուսումնասիրելու «նիսյա»-երի ցուցակները: Հետո նոր կասեք սոցիալական ճգնաժամ կարող է լինել, թե ոչ, կամ կա, թե ոչ»: