Սա նման է անձի դեմ ուղղված գործողության, արդարադատության նախարարի որոշումը կվիճարկենք դատարանում. Ամատունի Վիրաբյանի փաստաբան
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն անհիմն է համարում իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի որոշումը։
«Ըստ որոշման՝ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ այլ վճարները իմ մեղքով սահմանված ժամկետում չի վճարվել։ Եթե այս տրամաբանությանը հետևենք, մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պետք է հեռացվեն։ Օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել», – լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ամատունի Վիրաբյանը։
Նա նշեց, թե բոլոր ՊՈԱԿ-ներում, որտեղ ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնի, նույն խնդիրն առաջանալու է։
«Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, պետք է բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն աշխատանքից ազատվեն։ Որևէ մեկը չի ազատվել, այս կետի համաձայն ազատվել եմ միայն ես», – ասաց Վիրաբյանը։
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե շահութահարկ չվճարելու համար է եղել ազատման որոշումը։ Սրան արձագանքնեց արխիվի գլխավոր հաշվապահ Վահագն Աբիսողոմյանը։
«Նախարարի հրամանի հիմքում դրված է վերահսկողության պետ Դավիթ Գասպարյանի զեկուցագիրը, որտեղ նշված է, թե ստուգմամբ արձանագրվել է 742 մլն դրամ հարկային պարտավորություն։ Այս պարտավորությունն ամբողջությամբ պետության կողմից վճարվել և մարվել է։ Այս գումարից 721 մլն դրամը վերաբերում է ԱԱՀ-ին։ Նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, թե ԱԱՀ գծով իրենք խնդիր չեն տեսնում, քանի որ բոլոր ՊՈԱԿ-ներն են այս խնդիրն ունեցել։ Սակայն 21 մլն 396 հազար դրամի շահութահարկի պարտավորություն կա ակտում, որն, ըստ իրենց տրամաբանության, առաջացել է պաշտոնատար անձի մեղքով՝ իմ կամ Վիրաբյանի», – ասաց նա։
Հաշվապահը նշեց, թե իր մոտ տպավորություն կա, որ ստուգման ակտը որևէ մեկը չի կարդացել։
«Հայտարարում եմ, որ ստուգված 3 տարի 7 ամսվա ընթացքում մեր խախտումը հաշվաահության մեջ կազմել է 186 հազար դրամ», – ասաց գլխավոր հաշվապահը։
Վիրաբյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանն էլ հայտարարեց, որ իր մոտ տպավորություն է, թե արարադատության նախարարը կամ ամբողջական չի ուսումնասիրել նյութերը, կամ իրեն սխալ են զեկուցել։
Նախկինում արխիվը գտնվում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաշվեկշռում, այժմ՝ արդարադատության։
«Ստացվում է, որ այն ժամանակ պաշտոնատար անձը, որն իրավասու էր դադարեցնելու պարոն Վիրաբյանի լիազորությունները, չի կայացրել նման որոշում, գտնելով, որ խախտում չկա։ Ստացվում է, որ արդարադատության ներկայիս նախարարը, չունենալով լիազորություն նախկին գործողությունների համար, կայացնում է ոչ իրավաչափ հրաման», – ասաց Ամատունի Վիրաբյանի փաստաբանը։
Նա նշեց, թե այս որոշումը վիճարկելու են դատական կարգով։
«Անհասկանալի է, սա անձի դեմ էր ուղղված, թե ուղղակի այդպիսի իրավական որոշում կար։ Սա ավելի նման է անձին ուղղված որոշումներին, քանի որ նույն իրավիճակն այլ ՊՈԱԿ-ներում է, և որևէ մեկին աշխատանքից չեն ազատել», – հայտարարեց փաստաբանը։