Արդյո՞ք ՀՀ անվտանգային միջավայրը լիարժեք ուսումնասիրված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ . Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդյո՞ք ՀՀ անվտանգային միջավայրը լիարժեք ուսումնասիրված է
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս 3-րդ/
Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերլուծությունը, հարկ է կանգ առնել Հայաստանի անվտանգային միջավայրի նկարագրության վրա: Հարավկովկասյան տարածաշրջանի և հատկապես Հայաստանի անվտանգային միջավայրի առկա, և կանխատեսվող սպառնալիքների նկարագարման փորձ իհարկե փաստաթուղթն արել է, բայց իմ կարծիքով թերի ու չդասակարգված: 2.3; 2.4; 2.7; 2.8; 2.11; 2.13 կետերում փորձ է արվել ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքների ցանկը սահմանափակել միայն Թուրքիայով ու Ադրբեջանով: Սա կարծում եմ կիսատ մոտեցում է:
1. Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում, և հատկապես Հայաստանի անվտանգային միջավայրի համար լրջագույն սպառնալիք կարող է հանդիսանալ Իրան-արևմուտք(ԱՄՆ) հարաբերությունների սրումն ու էսկալացիան: Չգիտես ինչու, մոռացել են նշել, որ ՀՀ անվտանգային միջավայրի վրա ուղղակի սպառնալիք է, եթե ՌԴ-ի, որպես հիմնական ռազմավարական դաշնակցի արտաքին կամ ներքին քաղաքական կյանքում տեղի ունենան վտանգավոր զարգացումներ: Թավշյա իշխանությունը մոռացել է նշել նաև, որ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման դեմ տարվող ներքին և արտաքին քարոզչությունն ու քաղաքական ազդեցություններն բացասական անդրադարձ են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Ստացվել է, որ ռազմավարության գրողները, սեփական երկրի անվտանգային միջավայրի սպառնալիքների մի կեսը տեսնում են, իսկ մյուս կեսը չեն ցանկացել տեսնել:
2. Իշխանությունների երևակայությունն այնքան է խառնվել, որ օրինակ` այսպես կոչված քրեական ենթամշակույթը համարել են անվտանգային միջավայրի սպառնալիք, և մոռացել այն հանգամանքը, որ դեպի ծով ելք չունենալով, երկու փակ սահմաններով Հայաստանը` խիստ մեծ մարտահրավերի առջև կկանգնի, եթե գեոքաղաքական կամ այլ պատճառներով խափանվի հայ-իրանական, կամ հայ-վրացական ցամաքային հաղորդակցությունը: Մոռացության է մատնվել նաև օդային հաղորդակցության պրոբլեմը: Այն որ ՀՀ ավիափոխադրողների թռիչքներն արդեն ոչ միայն եվրոպական, այլ նաև մի շարք այլ օդային տարածքներով էլ են արգելվելու` ըստ իրենց, երևի սովորական ընթացիկ պրոբլեմ է: Կիասապատերազմական վիճակում գտնվող երկրում, նման կերպ վարվել քո երկրի ռեզիդենտը համարվող ավիաընկերությունների հետ` ուղակի անթույլատրելի է:
3. Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մեզ համար արտաքին անվտանգային միջավայրի նկատմամբ անուղակի սպառնալիք է նաև այն հանգամանքը, որ շատ երկրներ դեռ չեն ճանաչել և դատապարտել հայոց Ցեղասպանությունը: Նրանց թվում են նաև մեր բարեկամ մի շարք երկրներ, որոնք շարունակում են խուսանավել հայոց ցեղասպանությունը ճանաչելուց` դրանով հնարավորություն տալով Թուրքիային շարունակել ժխտողականության քաղաքականությունը և նոր սպառնալիքները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Ցեղասպանության ժխտողականությունն ու համաշխարհային անտարբերությունը ևս ավելացնում են ՀՀ անվտանգային միջավայրի սպառնալիքները:
4. Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովման կարևոր հանգամանքներից մեկն էլ հայկական սփյուռքն է: Չգիտես ինչու, նոր ռազմավարությունը չի նշում այն հանգամանքը, որ հայկական սփյուռքի թուլացումը, ուծացումը, հայապահպանության վիճակի վատացումը բացասական անդրադարձ է ունենալու նաև ՀՀ անվտանգային միջավայրի վրա: Հիմա շատերը կասեն, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Բայց այդ նույն ասողներն էլ ուրախութունից իրենց կորցնում են, երբ Հայաստանի կամ Արցախի սահմանների դեմ ոտնձգություններում հայկական Սփյուռքն անմիջապես սկսում է գործնական, քաղաքական, տեղեկատվական, տնտեսական միջոցներ ձեռնարկելու հարցում կարևոր գործոն հանդիսանալ:
Շարունակելի…»: