Ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի մեկնաբանելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
Ինչ վերաբերվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ ընթացող բանավեճին, Տիգրան Սարգսյանն ասաց.”Գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե որ ընտրական համակարգն է առավել արդյունավետ: Տարբեր երկրների փորձը տարբեր արդյունքներ է ցույց տալիս եւ ելնելով իր առանձնահատկություններից, տարբեր երկրներ պետք է ընտրեն իրենց համար առավել արդյունավետ համակարգը”:
Վարչապետի խոսքով, խնդրի լուծման լավագույն ձեւը ԱԺ-ում քաղաքական բանավեճն է, որը եւ տեղի է ունեցել Հայստանում ՀՀ ԸՕ վերջին փոփոխությունների ժամանակ:
“Մենք նոր ենք փոփոխել մեր ԸՕ-ն եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ ԱԺ-ում եւ լսել տարբեր տեսակետներ, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ եւ մեր օրակարգում դա այնքան էլ առաջնահերթ հարց չէ”,-նշել է վարչապետը: