Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում
Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը:
Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ բասկ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բասկերի խորհրդարանի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինի և այլ պաշտոնյաների հետ՝ ինչպես մարզային, այնպես էլ տեղական մակարդակով:
Ուրբաթ օրը՝ սեպտեմբեր 12-ին, Բասկերի մարզային խորհրդարանը դարձավ Եվրոպական միությունում առաջին խորհրդարանը, որ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մի քանի ԱՄՆ նահանգներից եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսից հետո:
Ուրբաթ օրվա հանդիպումից հետո ոչ մի քաղաքական ուժ դեմ չքվեարկեց բանաձևին Վիտորիայում գտնվող Բասկյան խորհրդարանում:
«Մենք ունեինք այս թեմայի շուրջ համաձայնության հասնելու հստակ կամք: Այն, ինչ մենք ուզում ենք շատ պարզ է. մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Մենք հասկանում ենք, որ բոլոր ժողովուրդները ինքնորոշման և իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով կառուցելու իրավունք ունեն: Մենք՝ որպես բասկեր, ճանաչում ենք բոլոր ժողովուրդներին և, իհարկե, Լեռնային Ղարաբաղը », – ասում է Մարիա Եվգենիա Արիզաբալգան՝ իշխող կուսակցության պատգամավոր, ով պատասխանատու է դոսյեների համար:
Բանաձևի ընդունումից առաջ Գիպուզկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանոն հռչակել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարոն Միրզոյանի հետ Սան Սեբաստիանում ունեցած հանդիպման ժամանակ:
«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում», – նշել է պրն. Գարիտանոն:
Պարոն Միրզոյանը եւ ՀԵԲ տնօրենը նաև հանդիպել են Սան Սեբաստիանի, Տոլոսայի եւ Գերնիկայի քաղաքապետերին՝ քննարկելով հետագա հնարավոր համագործակցության հարցը, այդ թվում նաեւ Ստեփանակերտի, Շուշիի եւ այլ քաղաքների հետ մշակութային փոխանակումները:
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, պարոն Միրզոյանը համագործակցության և ճանաչման համաձայնագիր է կնքել Սան Սեբաստիանի քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրեի հետ՝ մերձեցնելով Սան Սեբաստիան քաղաքը Լեռնային Ղարաբաղին և սահմանելով համատեղ ծրագրերի համար կոնկրետ ոլորտներ:
«Պարբերական շփումներ պետք է պահպանվեն քաղաքների և համապատասխան գերատեսչությունների միջև՝ հեշտացնելու փոխանակումների քննարկումները և համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրության հարցերը»,_նշված է համաձայնության մեջ:
Հաջող և արդյունավետ այցը ամփոփվել է երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին: