23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Քաղաքապետը որոշել է, որ այդ մեծ ավտոբուսները պետք չե՞ն․ այդ ինչպե՞ս որոշեցին, աչքաչափո՞վ». Ռուսլան Բաղդասարյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ դեռևս ապրիլի 28-ին հայտարարված 100 ավտոբուսների մրցույթը չի կայացել։ Նա նաև նշել էր, որ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս մանրամասն է, որպեսզի նեղացնի մրցույթի մասնակիցների շրջանակը՝ այն գրվել է մեկ ընկերության՝ «ГАЗель City» միկրոավտոբուսի չափորոշիչներին համապատասխան:

Դավիթ Խաժակյանի ասուլիսից հետո Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր,  որ Դավիթ Խաժակյանը կարող է ունենալ իր անձնական կարծիքը, սակայն փաստ է` 100 ավտոբուսի մրցույթ է հայտարարվել.

 

«Դրանք փոքր ավտոբուսներ են, որոնց նկատմամբ Քաղաքապետարանը մի շարք պահանջներ է ներկայացրել: Այն պետք է կահավորված լինի կոնդիցիոներով, ամառը պետք է հովացվի, ձմեռը՝ տաքացվի: Եթե ուղևորը նստած չէ, ապա պետք է հնարավորություն ունենա ամբողջ հասակով կանգնել, ոչ թե կռացած երթևեկել, 1.90 սմ-ից ավելի պետք է լինի բարձրությունը: Սրահը պետք է կահավորված լինի էլեկտրոնային ցուցատախտակով, որը ցույց է տալիս երթուղին, սրահը պետք է այնպիսին լինի, որ այնտեղ, անհրաժեշտության դեպքում, տեղավորվի հաշմանդամության սայլակ: Պետք է նաև արտաքին էլեկտրոնային ցուցատախտակ լինի, որ կանգառում կանգնած մարդիկ էլեկտրոնային ցուցատախտակի վրա տեսնեն երթուղին: Պետք է ունենա այնպիսի բարձրություն, որ ոչ թե մի քանի աստիճան բարձրանալով՝ հայտնվես սրահում, այլ կանգառից միանգամից ոտքդ դնես՝ հայտնվես սրահում, այդ թվում՝ հաշմանդամության սայլակը կարողանա հանգիստ ներս ու դուրս անել: Դուռը չի բացում ուղևորը, այնպես, ինչպես բացում են միկրոավտոբուսների մեջ, այլ դռները բացում է վարորդը՝ կանգառում կանգնելիս, և կանգառից շարժվելիս՝ փակում է: Եթե այս ամեն ինչը միկրոավտոբուսին ներկայացվող պարամետրեր են, ապա անունը կարող ենք դնել միկրոավտոբուս, հեծանիվ, ինքնագնաց, գլդոր, գնացք, ինչ ուզում ենք՝ կարող ենք դնել անունը, բայց դրանից իրականությունը չի փոխվի, Քաղաքապետարանը պատվիրել է իմ նկարագրած չափանիշերով տրանսպորտային միջոց»,- ասել էր Հակոբ Կարապետյանը։

168.amի հետ զրույցում Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադառնալով Երևանի տրանսպորտային խնդիրներին և դրա հետ կապված քաղաքային իշխանությունների տված խոստումներին, նախ նշեց, որ անկախ այն հանգամանքից՝ մրցույթին մե՞կ, թե՞ երկու կազմակերպություն է մասնակցել, քաղաքապետարանը չի կարողացել իրագործել այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք պետք են Երևանին։

Հարցին՝ ի՞նչն է խնդիրը, որ քաղաքապետը չի կարողանում իրագործել իր տված խոստումները, Ռուսլան Բաղդասարյանը պատասխանեց. «Խնդիրը հետևյալն է, ուզում է քաղաքապետն իրագործի, բայց չի՞ կարողանում, արդյո՞ք նա ուզում է իրագործել տված խոստումները։ Ինձ մոտ արդեն համոզմունք է ձևավորվում, որ նա այդքան էլ ինքն իրեն նեղություն չի տալիս՝ մտածելու, թե ինչպես կարելի է այս կամ այն խնդիրը լուծել։ Այսօր էլ աչքովս ընկավ, որ վերելակ վերանորոգող աշխատակիցներն են բողոքում, ինչ-որ աշխատավարձերը չեն ստացել։ Իրենց անփույթ մոտեցման հետևանքն է սա, որ ամեն ինչին մատների արանքով են նայում։ Երկու տարի է՝ ընտրվել են, բայց այսքան ժամանակ դեռ չեն պատկերացրել, թե Երևանն ինչ օրգանիզմ է, ինչպես պետք է Երևանի խնդիրները լուծել։ Ո՛չ տրանսպորտի խնդիրներն է լուծվելու, ո՛չ մետրոյի, ինչ խոստացել են՝ չեն անելու»։

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը ձախողել է նաև մայրաքաղաքի կանաչապատման, աղբահանության հարցում․ եթե աղբահանությունն այսօր ավելի բարձր գներով են իրականացնում, քան նախկինում էր, բնականաբար, այն ձախողված է։ Սանմաքրում նույնպես չի իրականացվում, փողոցները հազվադեպ են մաքրում, իսկ լվանալու մասին խոսք չկա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք տրանսպորտի և այլ խնդիրների լուծումը կախված է ֆինանսական միջոցներից, և դա է պատճառը, որ չի լուծվում, Ռուսլան Բաղդասարյանը պատասխանեց, որ տրանսպորտի հարցը լուծելու համար պետական քաղաքային բյուջերից գումարներ պետք չեն։

«Անհրաժեշտ է մրցույթ հայտարարել այն պայմաններով, որոնք ներկայացրել էր միջազգային ընկերությունը նոր տրանսպորտային ցանցի համար։ Դրանով ներդրողները պետք է գային և իրենց գումարները ներդնեին։ Ինչո՞ւ պետք է մենք պետական բեռը ավելացնենք՝ կարգավորելու համար այն ոլորտը, որը կարելի է կարգավորել ներդրողների գումարներով։ Իհարկե, կան հարցեր, որտեղ կա ֆինանսի խնդիր, բայց ճիշտ կազմակերպելու դեպքում այդ ֆինանսական խնդիրները մինիմալիզացվում են, բայց այստեղ կազմակերպչական ոչինչ չկա։ Ծառերը ջրելու համար հո ֆինանս պետք չէ՞, քաղաքապետը խոստացել էր 5 տարում 500.000 ծառ տնկել․ պոպուլիզմի հետևանքներ է, երբ խոստանում են մի բան՝ ժողովրդի ականջին հաճո լինելու համար։ Խոստացել է, դե, հիմա էլ ընտրվել է, արդեն պետք չէ, մի կերպ «կգլորեն» իրենց ընտրված ժամանակահատվածը, և ամեն մեկը մի երկիր կգնա, քաղաքապետը կգնա՝ Պրահան կվայելի»,- հավելեց նա։

Ռուսլան Բաղդասարյանի բնորոշմամբ՝ քաղաքապետի 5 տարիները «գլորելը» Երևանի համար շատ ծանր հետևանքներ կունենա։

«Քաղաքապետն ասում էր երկու տարում տրանսպորտի խնդիրը կլուծի, բայց նոր-նոր 100 գազել է ուզում գնել։ Ասում են, թե որոշել են, որ այդ փոքր մեքենաներն ավելի հարմար են, այսինքն՝ այն միջազգային ընկերությունը, որը բավականին մեծ գումարի դիմաց ուսումնասիրություն և վերլուծություն էր արել, անիմա՞ստ էր, քաղաքապետը որոշել է, որ այդ մեծ ավտոբուսները պետք չե՞ն։ Բայց այդ ինչպե՞ս որոշեցին, աչքաչափո՞վ»,- շեշտեց Ռ. Բաղդասարյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենի հետ կապված՝ ակնհայտ է, որ քաղաքացիներն ունեն դժգոհություններ, իսկ թե նրանք կբարձրացնե՞ն քաղաքային իշխանությունների արտահերթ ընտրությունների պահանջ, դժվարացավ պատասխանել։

«Ինձ մոտ տպավորություն է, որ Հայկ Մարությանը կարծես Նիկոլ Փաշինյանի հետ շանտաժի լեզվով է խոսում, հենց մի բան խոսի, ասելու է, թողնելու եմ՝ գնամ, ինչը նրան փաստի առաջ է կանգնեցնելու․ այսօր իշխանությանն առհասարակ արտահերթ ընտրությունը ձեռնտու չէ։ Վտանգ կա, որ այդ պաշտոնը կկորցնեն, այդ պատճառով էլ ամեն գնով պահելու են այսօրվա ավագանին, քաղաքապետին»,- եզրափակեց Ռուսլան Բաղդասարյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ