23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս իշխանությունների ազդարարած «արդարադատության բարեփոխումներից» որևէ մեկը կյանքի չի կոչվել. Գևորգ Կոստանյանը վստահ է՝ գերագույն դատարանին չենք վերադառնալու

«Անիմաստ ու անհնար նախաձեռնություն է՝ միավորել Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները։ Այսպիսի փոփոխությունները, նախևառաջ, արվում են հանրաքվեի միջոցով, որովհետև դատական իշխանության վերաբերյալ Սահմանադրության դրույթները փոփոխության են ենթարկվում միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն, այնպես չի, որ իրենք որոշել ու փոխում են, այդպես չի լինելու, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ, գլխավոր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնեք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Սահմանադրական ու վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

Գ.Կոստանյանի գնահատմամբ՝ իրավական տեսակետից սա անընդունելի նախաձեռնություն է՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները ֆունկցիոնալ էական տարբերություններ ունեն։ Սահմանադրական դատարանը կոչված է իրականացնելու սահմանադրական արդարադատություն, որը հատկապես դրսևորվում է սահմանադրական վերահսկողության եղանակով։ Այսինքն, Սահմանադրական դատարանը սահմանադրական վերահսկողություն է իրականացնում, այդ թվում՝ արդարադատություն իրականացնող մարմինների՝ դատարանների կողմից սահմանադրական կիրառության նկատմամբ։ «Երբ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորում են, իսկ Վճռաբեկ դատարանը դատական հիերարխիայի վերին ատյանն է, հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի կարող իրականացնել դասական արդարադատություն, միաժամանակ իրականացնել սահմանադրական վերահսկողություն՝ իր իսկ կողմից իրականացվող արդարադատության նկատմամբ։ Այստեղ կազուս է առաջանում։ Այլ հարց է, որ հիմա էլ իշխանությունները կարող են ժողովրդին հայտարարել, թե դուք լավ չեք ապրում, որովհետև Գերագույն դատարան չունենք, այլ ունենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ։ Բայց, նորից եմ կրկնում՝ բանը դրան չի հասնելու, դա անիրականանալի բան է»,- նշել է Գ.Կոստանյանը։

Խոսելով երկու դատարանների միավորման իրավական հիմքերի մասին՝ Գևորգ Կոստանյանը նկատում է՝ այստեղ փորձում են կիրառության մեջ մտցնել ամերիկյան մոդելը, որտեղ կա Գերագույն դատարան, որն էլ իր հերթին իրականացնում է նաև Սահմանադրական արդարադատությունը. «Ամերիկյան մոդելի կիրառությունը Հայաստանում անընդունելի է մի քանի պատճառներով, սկսած՝ կառավարման ձևի, պետության կառուցվածքով պայմանավորված, վերջացրած նրանով, որ Ամերիկայում այդ կարգը դարերի փորձություն է անցել։ Ստացվում է, որ սա ոչ միայն ամերիկյան, այլ նաև ԽՍՀՄ մոդելն է, որովհետև Խորհրդային միությունում ևս Սահմանադրական դատարան չկա, Գերագույն դատարանն իրականացնում էր, այսպես կոչված, Սահմանադրական դատարանի ֆունկցիան։ Այսինքն, այս համակարգը կիրառվել է ԽՍՀՄ-ում, ներկայում իր հիմնական կիրառությունն ունի ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում։ Ընդ որում, դրանով է պայմանավորված, որ Եվրոպայի խորհրդի կազմի մեջ մտնող երկրների գերակշիռ մեծամասնությունը չի կիրառում Գերագույն դատարանի մոդելը՝ այլ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողություն իրականացնող մոդելի կրողն է, որովհետև ինստիտուցիոնալ և իրավական համակարգի տեսակետից սրանք անընդունելի մեխանիզմներ են»։

Պատասխանելով դատարանների միավորման հնարավոր հետևանքների մասին հարցին՝ նախկին գլխավոր դատախազը նկատել է. «Ես, անկեղծ ասած, շատ ժամանակ չէի ծախսի այս վերլուծության վրա այն պարզ պատճառով, որ վստահ եմ՝ որ չի իրագործվելու։ Ի վերջո, վերջին երկու տարիների ընթացքում մենք մի եզրակացության ենք եկել՝ բոլոր, այսպես կոչված «արդարադատության բարեփոխումները» որոնք ազդարարվել են երկրում այս իշխանությունների կողմից, որևէ մեկը կյանքի չի կոչվել, դրանք ի սկզբանե չէին էլ կարող իրագործվել, որովհետև հասարակական ընկալման համար առաջին հայացքից ականջ շոյող շատ բարձրագոչ մտքեր էին։ Դրանց նպատակն ընդամենը ժողովրդի ուշադրությունը երկրում առկա այլ խնդիրներից շեղելն էր։ Հիշենք, օրինակ, անցումային արդարադատություն իրականացնելու հավակնոտ նախաձեռնությունը, որով մոտ մեկ տարի զբաղեցրին պետական ապարատն ու ժողովրդին, իսկ արդյունքում մենք չունեցանք դա, որովհետև գործնականում անհնար էր։ Ինչո՞ւ էր անհնար, որովհետև մենք Եվրոպայի անդամ երկիր ենք և Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն իրավակարգավորումների սկզբունքով անցումային արդարադատություն չի կարող իրականացվել, Եվրոպայի անդամ որևէ երկիր չի կարող այդ կարգերը շրջանցել։ Հիշո՞ւմ եք դատավորների վեթթինգի մասին հայտարարությունները՝ տեսեք – տեսեք հեսա ինչե՜ր ենք անելու, դատարաններին վեթթինգի ենք ենթարկում, արդյունքում դա նույնպես չիրականացվեց։ Ամեն անգամ, երբ այս թեմաները հասարակական քննարկման առարկա էին դառնում, ես մշտապես հրապարակայնորեն անդրադարձել եմ դրանց և հայտնել, որ Հայաստանում դրանք կյանքի կոչվելու ոչ մի հնարավորություն չունեն, այն պարզ պատճառով, որ չեն կարող իրականացվել»։

Ի՞նչ իրավական գնահատական կտար նախկին գլխավոր դատախազը երկրի արդարադատության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներին հարցին, Գևորգ Կոստանյանն ընդգծեց. «Սա անիմաստ ժամանակի վատնում է։ Նորից եմ կրկնում՝ Հայաստանում դա տեղի չի ունենալու։ Գերագույն դատարանին մենք նույնպես չենք վերադառնալու, ես դա ձեզ վստահեցնում եմ, որովհետև այդ ամերիկյան մոդելը, որն ավտոմատ կերպով ուզում են ներդնել մեր իրականության մեջ, Հայաստանի նկատմամբ կիրառելի չի լինելու։ Նորից եմ ասում՝ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, մենք կաշկանդված ենք որոշակի կարգավորումներով։ Բացի այդ մենք ռոմանո – գերմանական իրավական համակարգի կրող ենք, իսկ ամերիկյան դատական համակարգը խարսխված է անգլո – սաքսոնական իրավական համակարգի վրա։ Այս համակարգերի տարբերությունն ազդում է նաև դատական իշխանության կառուցվածքի վրա»։

Արդյոք կարո՞ղ է լինել այնպիսի մտավախություն, որ այս փոփոխությունները ՀՀ դատական համակարգի վրա ամերիկյան կողմի ճնշումների արդյունք են, հարցին Գևորգ Կոստանյանը պատասխանում է.«Ձեռնպահ կմնամ վստահաբար պնդելու, թե սա ամերիկյան կողմի ճնշում է, բայց կարող եմ ասել հետևյալը՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու իրավական և իրավակիրառական որևէ անհրաժեշտություն մեր իրականության մեջ ընդհանրապես չկար, հետևաբար, կարծում եմ, որ բացարձակ պատահական չի, որ ընտրվում է հենց ամերիկյան մոդելը։ Այլ տրամաբանություն այստեղ ուղղակի չկա։ Այլ կերպ ասած, քանի որ հիմնավորման ուրիշ հիմքեր չկան, մնում է միայն այդ վարկածը»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ