Ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքարում». Սերժ Սարգսյանը պարզաբանում է
Մեզ համար չափազանց կարեւոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր եւ մնացածի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։
«Մեր թիմը երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաեւ ասուլիսի անցկացման վայրի հարցը։ Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին ինչ-որ շահարկումներ անել, մեզ ինչ-որ բաներում մեղադրել, քննադատել, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունը հնչող քննադատություններից»,- ասաց երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ լավ հիշում է համալիրում տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որն ունեցավ նաեւ քաղաքական հետեւանքներ. «Տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, այդ մարդիկ ստացան խիստ պատիժներ։ Կարծում եմ՝ բոլոր իշխանությունները չեն եւ բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվելու։ Իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը։
Այս հաստատությունում արդեն շատ տարիներ տեղի են ունենում հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ։ Յուրաքանչյուր հանցագործություն կանխելու լավագույն ճանապարհը կատարված հանցագործությունը բացահայտելն ու արժանի պատժին արժանացնելն է։ Ուրիշ որեւէ բան այդքան մեծ ազդեցություն չի ունենում հանցավորության պատժի նվազման համար»։