23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զբաղվածության, գործազրկության և սոցիալական խնդիրների մասին

2018թ. իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը շռայլ խոստումներ տվեց երկրի զարգացման հեռանկարների մասով, հատկապես՝ նաև սոցիալական ոլորտին վերաբերող խոստումներ: Ի՞նչ ունենք այսօր. մի փոքր անդրադարձ կատարենք գործազրկության կրճատմանը, զբաղվածության խթանմանն ու աղքատության հաղթահարմանն ուղղված՝ ՀՀ կառավարության գործունեության արդյունքին:

Նախ, երկու տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչությունը խոստացված շեշտակի աճի փոխարեն՝ շարունակել է նվազել։ Աշխատանքի շուկայում 2018-2019թթ. տվյալներով կան որոշակի դրական միտումներ. 2019 թվականին՝    2018-ի համեմատ, մի փոքր բարելավվել են գործազրկության և զբաղվածության մակարդակի ցուցանիշները՝ 1.6 տոկոսային կետով։ Չնայած նախորդ ամիսներին տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված նոր ստեղծված աշխատատեղերի՝ երբեմն ֆանտաստիկ թվերին, հարկ է նշել, որ 2018-2019 թվականներին զբաղվածությունն ընդլայնվել է հիմնականում ի հաշիվ ստվերից դուրս եկած աշխատատեղերի։ Ստվերից դուրս եկած աշխատատեղերը թեև կարճաժամկետ հատվածում դրական են ազդում բյուջեի եկամտային մասի վրա, սակայն զբաղվածության խթանման և գործազրկության դեմ պայքարի գործիք չեն հանդիսանում, և դրանց ազդեցությունը կարճաժամկետ է։ Վերջին ամիսների համաշխարհային և ներքին տնտեսական զարգացումների ներքո առավել կասկածելի է դառնում 2023թ. էապես, կամ, ինչպես խոստացվել է՝ 5 տոկոսային կետով գործազրկությունը կրճատելու իրագործելիությունը:

 Մյուս կողմից՝ լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել աշխատավարձերի և պետական հատվածի աշխատողների թվաքանակի մասով։ 2017 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 177 817 ՀՀ դրամ,   2018-ին՝ 172 727 ՀՀ դրամ, 2019թ․` 182 673 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ աշխատավարձը սովորաբար վարձու աշխատողների հիմնական եկամուտն է, կարելի է եզրակացնել, որ բնակչության հիմնական մասի եկամուտներն էականորեն չեն աճել: Հարկ է նշել, որ, ի տարբերություն մասնավոր հատվածի՝ պետական հատվածի ընդհանուր աշխատավարձերն աճել են ավելի մեծ տեմպով՝ 8 %-ից ավելի:

Չմոռանանք նաև բազմիցս քննադատված պարգևավճարները, որոնք, եթե հատկացվում են այս ձևով, ապա խնդրահարույց են դառնում և՛ իրավական, և՛ համակարգային տեսանկյուններից։ Ամսական եկամտի դրական տարբերությունը հատկապես զգալի է եղել այն պետական մարմիններում, որոնցում որպես լրացուցիչ խրախուսման գործիք՝ լայնորեն կիրառվել է պարգևավճարը։

Ուշագրավ են նաև պետական հատվածի աշխատողների թվաքանակի տվյալները. ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պետական հատվածը պետք է օպտիմալացվի, և այն աշխատատեղերի ստեղծման աղբյուր չէ։ Սակայն, համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականի ապրիլին պետական հատվածում ներգրավված է եղել 205․819 մարդ, իսկ 2019թ․ դեկտեմբերին` 205․834 մարդ։ Այսինքն՝ օպտիմալացման արդյունքում ոչ միայն պետական աշխատողների թիվը չի նվազել, այլև մի փոքր էլ ավելացել է:  

Տեսանելի բարեփոխումներ չեն կատարվել նաև աշխատողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Չեն ստեղծվել ինստիտուցիոնալ հիմքեր աշխատանքի տեսչական մարմնի և Զբաղվածության պետական գործակալության բարեփոխման մասով և քայլեր չեն ձեռնարկվել աշխատանք փնտրելու կամ որևիցե այլ աջակցություն ստանալու հարցում այս պետական մարմիների նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով:

Սոցիալական ծառայությունների հասանելիության բարձրացման, նպաստների տրամադրման համակարգի բարեփոխման, առցանց դարձնելու և ֆինանսավորման նոր մոդելներ ներդնելու խոստումները հիմնականում մնացել են թղթի վրա:

Դեռևս չեն մշակվել նաև Զբաղվածության կարգավորման խոստացված նոր և ավելի արդյունավետ պետական ծրագրերը։Իրականացված ծրագրերն էլ հիմնականում նախկին ծրագրերի տրամաբանական շարունակությունն են` և՛ մատուցման ձևով, և՛ բովանդակությամբ։

Ընթացիկ տարվա կտրվածքով սոցիալական ոլորտում կարևոր նշանակություն ունեն նաև COVID-19-ի հետևանքները չեզոքացնող միջոցառումները: Ցավոք, այս դեպքում էլ դրանք եղան հիմնականում հապճեպ, հետագա հնարավոր զարգացումները՝ լավ չհաշվարկած: Եթե առաջին փուլում առկա էր ժամանակի սղություն և հնարավորինս արագ արձագանքելու անհրաժեշտություն, ապա հետագայում կարելի էր առավել հասցեական և արդյունավետ միջոցառումներ մշակել: Կարելի է հիշել տրամադրված, այնուհետև բնակչության մի խոշոր հատվածից հետ պահանջված աջակցության գումարները: Որոշ միջոցառումներ էլ ընդունվել են հիմնականում հանրային ճնշումների ազդեցության տակ (օրինակ՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման միջոցառումները) կամ առանց պատշաճ հաշվարկների` ուղղակի գումարը բաժանելու նպատակով:

Ի դեպ, վարչապետը 2020 թվականի հունիսին հայտարարեց, որ ապրիլին, երբ Հայաստանում պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ էր, փակվել է 71․471 աշխատատեղ, իսկ մայիսից, երբ այդ ռեժիմը վերացվեց, վերականգնվել է 50․094 աշխատատեղ։

Չնայած ՀՀ վիճակագրության կոմիտեի և պետեկամուտների կոմիտեի՝ հետագայում հրապարակած և վարչապետի հրապարակած վերոհիշյալ թվերի միջև առաջացող որոշակի շփոթին, ակնհայտ է, որ կա ճգնաժամ և աշխատատեղերի նվազման խնդիր։ Կարևոր է, որ կառավարությունն ունենա ռազմավարություն՝ ստեղծվող խնդիրների դեմն առնելու և գործընթացներն իրենց զարգացման հուն վերադարձնելու նպատակով։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ կառավարության՝ այս հարցերին առնչվող  խոստումների զգալի մասը դեռևս  իրականություն չի դարձել։ Չի մշակվել ու ձեռնարկվել ոչ մի «հեղափոխական» մոտեցում կամ միջոցառում ոլորտում էական, կտրուկ և տեսանելի փոփոխություն իրականացնելու համար, իսկ արձանագրված որոշ քանակական բարելավումները հիմնականում նախկինում գրանցված արդյունքները չեն գերազանցում։

 

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ