26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան առջեւում, սպասիր, որ մի օր քո մեռելներին կհանեն, կդնեն դագաղի մեջ ու կբերեն քո դռների մոտ։ Այս մասին 168.am-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ընդգծելով, որ դիտավորյալ է բերում այդ օրինակը եւ նկատի ունի 2018-ին ՀՀԿ խմբակցության պատգամավորների տան մոտ դագաղներ տանելու միջադեպերը։

«Դա այլասերված մտածողության հետեւանք է, դա ադեկվատ, նորմալ մարդու արարք չի։ Մի աննորմալ այդպիսի բան է անում, իսկ այդ աննորմալությունը մի ամբողջ շարժում էր, վաղը մի ավելի այլասերված մտածողություն ունեցող էլ հանի ձեր մեռելները ու բերի դնի ձեր տան մոտ, հետո՞, ու այդպես գնա՞», ասել  Վլադիմիր Գասպարյանը։ 

Ըստ նախկին ոստիկանապետի՝ 2018-ին տեղի ունեցածը կառավարել են դրսից ֆինասնավորվող ուժերը, տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վ․Գասպարյանը 2008 եւ 2018 թվականներին տեղի ունեցածների միջեւ որոշակի ընդհանրություններ տեսնում է։

«Ռադիոտունը հատուկ պահպանվող օբյեկտ է, իրականացվում է զինված պաշտպանություն: Իմ հրամանով է եղել, որ չեն կրակել, թե չէ ոստիկանները զինված էին հրազենով, և նրանք իրավունք ունեին ու պարտավոր էին այն կիրառել, եթե իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնար: Ես եմ կանգնեցրել: Ես հասցրել եմ զանգել ու ասել՝ կրակոց չլինի: Չեմ գտել նպատակահարմար, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի»,- նշել է Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով 2018թ. Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից Ռադիոտուն ներխուժելու եւ դրան ոստիկանության չմիջամտելու հարցին:

Նրա խոսքով՝ ինքը նպատակահարմար է գտել չկրակել, իսկ ահա Ռադիոտունը գրավելու համար դատաիրավական ընթացք տալը դատախազության պարտականությունների տիրույթում էր:

«Իսկ տեխնոլոգիաներ կիրառվել են, անչափահասներին ներքաշելը, հղի կին առաջ մղելը․․․ Մենք դա տեսնում էինք, բայց մեր խնդիրը ազգաբնակչությանը պաշտպանելն էր, մեր ակտիվ գործողությունները կարող էին հանգեցնել զոհերի, առնվազն վնասվածքների։ Անչափահասներին ներքաշելը ճիշտ մեթոդ չի, դրա դառը պտուղները քաղելու են։ 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ մենք ջրցան մեքենա կիրառել ենք, նախ դրա իրավունքն ունեինք, բացի այդ, երբ մենք տարանջատեցինք մաքուր ուժերին նրանցից, ովքեր եկան հավաքագրելու այդ մաքուր ուժերին, ագրեսիա մտցնելու նրանց մեջ։ Մենք օպերատիվ ինֆորմացիա ունեինք, որ սադրանք են ուզում անել, ցեմենտ էին վերցրել, գրպանները լցրել, որպեսզի մոտենան ոստիկաններին եւ շփեն աչքերին, ես եմ հրամայել կիրառել ջրցան մեքենա, մենք ուղղակի ցնցուղ ենք արել, եթե իրական ուժով կիրառեինք, 5-6 մետր թռչելու էին, կոտրվածքներ էին ստանալու, մենք ուղղակի ջրեցինք, որ ցեմենտը նրանց գրպանում շաղախվեր։ Մենք նպատակահարմար չենք գտել նման բաները հրապարակել։ Այդ գործողություններին մասնակցողներից էր նաեւ իմ տեղակալը, որը հիմա մարզպետ է։  Այս անգամ կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Երեխաներին ներքաշել չի կարելի, մենք փոքր երկիր ենք, եթե լավ պրպտենք՝ բոլորս բարեկամ դուրս կգանք։ Երրորդ նախագահը, երբ հարցրեց՝ քանի հոգի են, ինչ միջոցներ են հնարավոր, ես ներկայացրի, որ կարելի է մեծ զգուշությամբ ցրել, զոհերն ու վիրավորները բացառելով, թեեւ վտանգավորն այն էր, որ երեխաներ ու հղի կանանց կարող էին օգտագործել որպես վահան,  նա չհամաձայնեց, ասելով, որ հանկարծ կարող են եւ այդպիսի հետեւանքներ լինել, ոչ մի իշխանություն չարժի, որ այն արյունով պահվի կամ վերցվի։   Ես համաձայն եմ իր հետ», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ