Շարմազանովը Բելառուսի ԱԺ փոխնախագահին հրավիրեց Ցեղասպանության 100-ամյակին /վիդեո/
Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Հանդիպումից հետո փոխնախագահները հանդես եկան համատեղ ասուլիսով:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստին մի քանի հարցեր են քննարկվել: ”Քննարկել ենք տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական հանձնաժողովի համագործակցության, Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակի հետ կապված միջոցառումները”,-ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ կողմերը եկան ընդհանուր եզրակացության, որ տնտեսական համագործակցությունը պետք է ավելի ակտիվանա, ուստի հանձնաժողովն առաջարկում է միջկառավարական հանձնաժողովին ընդգրկել նաև միջխորհրդարանանական հանձնաժողովին:
”Մենք առաջարկեցինք, որ բելառուսական գործարաններ, արտադրամասեր բացվեն ՀՀ-ի ամենակարևոր մարզերից մեկում` Շիրակում և մասնավորապես Գյումրիում, այդտեղ կա ըմբռնում երկու կողմից էլ”,-տեղեկացրեց Է. Շարմազանովը: Նա հայտնեց, որ համաձայն նախնական պայմանավորվածության` բոլոր հիմքերը կան, որ Գյումրիում ստեղծվի համատեղ գյուղատնտեսական ձեռնարկություն: ”Քննարկվեց նաև ուղիղ ավիաչվերթների խնդիրը` Գյումրի-Մինսկ”:
Է. Շարմազանովը նշեց, որ կողմերը կարևորել են միջխորհրանական հանձնաժողովներում համագործակցությունը` փաստելով հայ-բելառուսական համագործակցության կարևորությունն ու դաշնակից լինելը: ”Ավելին` կարևորվեց բոլոր կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը, նույնիսկ Ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը”,-նշեց ԱԺ փոխնախագահը:
Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ մերժում են ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսևորում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին ևս կարևորեց հայ-բելառուսական համագործակցությունն ու դաշնակից լինելը:
Բելառուսի ԱԺ փոխնախագահը նշեց, որ երկու ազգերը տարիների համագործակցություն ունեն, և ուրախությամբ շեշտեց, որ այն շարունակում է զարգանալ: Ապա Է. Շարմազանովը հիշեցրեց, որ Հիտլերը հայտարարել էր, թե ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության մասին, սակայն ԱԺ փոխնախագահը նկատեց. ”Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը, դժվար թե երկրորդ անգամ լիներ նման բան, որին զոհ գնացին հազարավոր հրեաներ”:
ԱԺ փոխնախագահը, օգտվելով առիթից, հրավիրեց Բելառուսի իր գործընկերոջը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: