23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական թիմ

Օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար: Ընդ որում, պետք է նշել, որ կառավարությունն, ի պատասխան տարբեր հարցումների, մշտապես նշում է, թե իբրև նախքան ՄԻԵԴ որոշումն էլ, դրանից հետո էլ ապահովել և ապահովում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը: Սակայն ակնհայտ է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման որոշում չէր կայացնի: Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետևյալ հարցին պատասխանի. արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով որևէ բան փոխվել է նախքան այդ որոշումը և դրանից հետո: Ցավով պիտի փաստեմ, որ ոչինչ էլ չի փոխվել», – ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Խաչատրյանների փաստաբանական խումբը ամիսներ շարունակ արձանագրում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն շնորհում է երկու հիմքով. եթե գործը բարձրացնում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կոպիտ և լրջագույն խախտման հարց, կամ եթե գանգատում ներկայացված հարցը բարձրացնում է համակարգային բնույթի խնդիր տվյալ երկրի ներսում, որը պահանջում է շուտափույթ լուծում։ Գագիկ Խաչատրյանի դեպքում առաջնահերթությունը տրվել է՝ առողջական ծանր վիճակի և իշխանությունների անգործության փաստերից ելնելով։

Որպես կանոն, եթե առաջնահերթությունը տրվում է առողջական վիճակից ելնելով, նշանակում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Տվյալ դեպքում դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական խնամքի ու բուժման հնարավորության սահմանափակմամբ և ապօրինի կարգով կալանքի տակ պահելով։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չի կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայի Դաշնությունում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ