”Սերժ Սարգսյանի հանգստի մասին խոսելը դեռ շատ վաղ է”
”Ես ուրախ եմ, որ մեր քաղաքական թիմերը, հատկապես թիմի ղեկավարները նախագահի հանգստի մասին մտածում են, ես ուրախ եմ, որ հասկանում են` նախագահը բավականին ծանրաբեռնված է աշխատում: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու. և մեր երկրի նախագահ Սարգսյանի և աշխատանքային որակը և տեմպը ցույց են տալիս, որ հանգստի մասին խոսելը դեռ շատ վաղ է”,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին:
Նշենք, որ հարցազրույցում Գ. Ծառուկյանը նշել է. ”Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու”:
”Սերժ Սարգսյանի հանգստի մաիսն խոսելը ես ընդամենը համարում եմ որպես մտահոգ մարդու մտահոգություն: Այդ հարցազրույցն անկեղծ ասած հպանցիկ անց եմ կացրել աչքի տակով, և այնտեղ որևէ նոր բան չկա”,-հավելեց Հ. Սահակյանը:
Դիտարկմանը, թե Գ. Ծառուկյանը հստակ դիրքորոշում չի հայտնել սահմանադրական փոփոխությունների հետ կապված, արդյոք սա նշանակում է, որ տեղ է թողնում ՀՀԿ-ի հետ համագործակցության կամ առաջարկի է սպասում ՀՀԿ-ից, պատգամավորն արձագանքեց. ”Եթե ինքը հստակ դիրքորոշում չի հայտնում, ինչու եք ինձ պարտադրում հստակ դիրքորոշում ասել: Վերցրեք 2012 թվականի կոնսուլտացիները, այստեղ դրված էր երկու հարց` 100 տոկոս համամասնական, սահմանադրական բարեփոխումներ, խորհրդարանակն ձևի անցում, այդ գաղափարների շուրջ էին այդ կոնսուլտացիները, նայեք ու տեսեք, թե այս 2 տարվա ընթացքում ինչ է փոխվել, դիրքրորշումները 180 աստիճանով փոխվել են”: