”Յոթ տարին շատ է”. պատգամավորները` Շանթ ու Շահեն Հարությունյանների նախնական դատավճռի մասին

”Դատավճիռը դեռ չի եղել, սակայն յոթ տարին, հինգ տարին չափազանց մեծ ու հանրության ու ինձ համար անընդունելի պատժամիջոցներ են”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` խոսելով Շանթ Հարությունյանի ու որդու` Շահեն Հարությունյանի հնարավոր դատավճիռներից` համապատասխանաբար 7 և 5 տարի ազատազրկում: Պատգամավորը մանրամասն չի հետևել դատական նիստերին, սակայն կարծում է, որ այն արարքների համար, որ նրանք արել են, անարդար չէ նման պատժամիջոց տալ:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս մասին ասացին, որ դատական գործընթացը դեռ շարունակվում է, իրենք չեն կարող մեկնաբանել դեռ վերջնական չկայացված վճիռը, միաժամանակ ընդգծեցին, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի բողոքարկելու իրավունք:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, որ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձև, որը սահմանում է քաղբանտարկյալի հստակ չափանիշները: Դրանց համաձայն` Շանթ Հարությունյանն էլ համարվում է քաղբանտարկյալ: ”Նրա գործողությունների մեջ, չենք կարող ասել, որ հակաիրավական ոչ մի քայլ չի եղել, բայց դրանից դարձնել հետապնդման գործիք, սա արդեն վկայում է իշխանությունների կողմից քաղաքական հալածանքներ իրականացնելու մասին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար ևս անհասկանալի է ազատազրկման նման չափը: