Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին,ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը:Մեր բանակը,հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը,ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին: Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենը իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական դերակատարների միջև անջրպետը: Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին,ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին: Խոսեմ փաստերով.պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց միջազգային կառույցներից «պոկել» Ադրբեջանին քննադատող ոչ միայն հասցեական , այլ նաև 3 հիմնարար սկզբունքները ներառող գնահատական: Հիմնարար սկզբունքները ներառող միակ հայտարարությունը ընդդիմադիր ՀՀԿ -ի ջանքերով արել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: «Անատամ » էր նաև «դուխով» վարչապետի ելույթը Մինսկում: Ի՞նչ կարիք կար առհասարակ խոսել «միակողմանի զիջումների» մասին թեկուզ դրան պատրաստ չլինելու կոնտեքստում: Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել,որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերջ, ինչը տարբեր միջազգային հարթակներում հնչեցվել էր նախորդ իշխանության կողմից:
Բայց իշխանության բացթողումները չեն սահմանափակվում քաղաքական անմեղսունակությամբ:Նրանց սպասարկող մի շարք գործիչներ ,անտեսելով Թուրքիայի հակահայկական հայտարարությունները, սլաքներն ուղղում են Ռուսաստանի դեմ` որի զորքերը պաշտպանում են հայ-թուրքական պետական սահմանը: Եվ այս իրավիճակում քաղաքական իշխանության «դուխով»լռությունը չի բխում մեր հանրապետության պետական շահերից: Մեր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են,այլ ոչ թե դաշնակից Ռուսաստանը»: