Հայաստանը գնում է մի միություն, որ ի սկզբանե սանկցիաների տակ է
ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ այս մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանը փորձում էր անդամակցել Մաքսային միությանը, աշխարհում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: ”Այսօր այլ իրավիճակ ունենք, Ռուսաստանը Եվրամիությունը հռչակել է թշնամի, սպառնալիքնեչր շատացել են, այսօր ՌԴ-ն քաղաքացիական պատերազմ է հրահրել Ուկրաինայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վերջինս հիշեցրեց` ի սկզբանե դեմ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցութանը, հիմա առավել ևս դեմ է` հաշվի առնելով այն, որ Հայաստանը գնում է մի միություն, որ ի սկզբանե սանկցիաների տակ է եղել, և այստեղ Հայաստանը մանրևելու տեղ ունի: ”Այդ միությունը չի ունենալու ոչ մի քաղաքական հեռանկար ու ապագա, իսկ երբ կարձանագրվի մահկանացուն, ժամանակը ցույց կտա”:
Հարցին, թե հնարավոր համարում է, որ Մաքսային միությունն ի վերջո չկայանա, Արզումանյանը պատասխանեց. ”Կապրենք, կտեսնենք, կլինի, կստորագրվի, հիմա ԱՊՀ էլ կա, հետո ինչ”:
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ մենք պետք է լինենք հուսալի գործընկեր բոլորի համար` նաև ԵՄ-ի: ”Գործընթացը պետք է լինի թափանցիկ ու անկեղծ, հիմա առավել ևս կարող ենք բացատրել մեր ռուս գործընկերներին, թե որքանով կարող է նպաստավոր չլինել Ռուսաստանի բարեկամ երկրի ներկայությունը տնտեսական միությունում”,-նկատեց նա: