Իրականացվում են զարգացմանը միտված փոփոխություններ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: 2013 թվականին մեկնարկած աշխատանքների ավատից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը: Շուրջ երկու տարի տեւած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:
«Գերազանցության կենտրոնը կգործի Երեւանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ինստիտուտի շենքում: Կենտրոնի առաքելությունը մանկական կուրության կանխարգելումն ու անհասության ռետինոպաթիա հիվանդության դեմ պայքարն է»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ինստիտուտում լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թվականի վերջին: Շինարարությունն իրականացվում է բացառապես ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին` առանց հավելյալ օժանդակության:
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հանրապետության ծննդօգնություն իրականացնող ամենամեծ հիմնարկներից մեկն է, որտեղ մատուցվում է մանկաբարձա-գինեկոլոգիական համալիր ծառայություն` սպասարկելով ողջ հանրապետության ազգաբնակչությանը, հատկապես՝ մարզերից ուղեգրված ծանր դեպքերը:
Առաջիկայում ինստիտուտում նախատեսվում է ընդլայնել եւ արդիականացնել անհաս եւ ցածր քաշով ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունքը, մասնավորապես` նրանց տեսողության հետազոտության ներդրումը, ներգանգային արյունազեղումների ժամանակին ախտորոշումը, որի համար կառուցվում է կից բաժանմունք։
Նախատեսվում է նաեւ բոլոր ծննդաբերությունների եւ ծննդկանների համար ունենալ անհատական հիվանդասենյակներ, ինչպես նաեւ արդիական պայմաններ խնամողների համար։
Նախարարը բարձր գնահատեց ինստիտուտի զարգացմանը միտված փոփոխությունները:
Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցում իրականացվող բոլոր բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում պերինատալ ծառայության զարգացմանը:
«Այլ ծառայություններ մենք միտումնավոր չենք ներդրել՝ բուժանձնակազմի ողջ ներուժը պերինատալ ծառայությունների իրականացման վրա կենտրոնացնելու նպատակով»,- ասաց տնօրենը:
Նախարարն առաջարկեց ստեղծել արագ արձագանքման հատուկ խմբեր, որոնք հնարավորություն կտան հեռակապի միջոցով մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով Երեւանում եւ մարզերում անգամ ամենադժվարին իրավիճակներում ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու օպերատիվությունը:
Ինստիտուտի ծննդաբերական բաժանմունքում տարեկան արձանագրվում է մոտ 3 հազար ծննդաբերություն։ Այստեղ առաջատար տեխնոլոգիաներով ցուցաբերվում է ժամանակակից մանկաբարձական օգնություն: Բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմը` մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները, նեոնատոլոգները` տիրապետելով անհետաձգելի օգնության բոլոր մեթոդներին, շուրջօրյա օգնություն է ցուցաբերում:
Այցի շրջանակում նախարարը շրջեց բաժանմունքներով, ծանոթացավ շենքային եւ նյութատեխնիկական պայմաններին, զրուցեց հիվանդների հետ:
Նույն օրը Արմեն Մուրադյանն այցելեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն։ Տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ գերմանացի մասնագետների կողմից նվիրաբերված սարքավորումներին:
Կենտրոնն զբաղվում է բժշկական ռադիոլոգիայի, ռադիոկենսաբանության, ճառագայթային հիգիենայի եւ ճառագայթային էկոլոգիայի ակտուալ խնդիրներով: Կիրառելով ժամանակակից հետազոտության մեթոդները` բարձրակարգ մասնագետներն իրականացնում են ընդհանուր եւ տեղական ճառագայթային վնասնածքներ ունեցող հիվանդների, այդ թվում` Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ ճառագայթային այլ վթարների հետեւանքների վերացմանը մասնակցած անձանց ախտորոշում, բուժում եւ վերականգնում: