Ղարաբաղի հարցում՝ նոր մոտեցումներ չկան. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարը տարածաշրջանային այցի ընթացքում խոսեց “նոր առաջարկների” մասին, որ շուտով կներկայացվեն կողմերին։ Համանախագահները դա չարեցին։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ դրանց կուրատորը ոչ թե Մինսկի խումբն է, այլ Միացյալ Նահանգները։
Պատասխանելով թերթի այս հարցին, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է. “Կարծում եմ, այնուամենայնիվ, հիմնական շեշտը դրվելու է ոչ թե նոր առաջարկների վրա՝ հաշվի առնելով, որ աշնանը Հայաստանը մտնում է ակտիվ ներքաղաքական զարգացումների փուլ, եւ նույնը սպասվում է Ադրբեջանում, այլ խաղաղության եւ կայունության պահպանման միջոցառումների վրա։
Չեմ կարծում, թե կլինեն նոր առաջարկներ. ավելի շուտ կողմերին կներկայացվեն հումանիտար բնույթի մոտեցումներ՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ներքո ինչ-որ կոնկրետ քայլեր, կապված հասարակական սեկտորների համագործակցության, շփումների ակտիվացման հետ, բայց ոչ քաղաքական քայլեր, որոնք կարելի է համարել բացառիկ հակամարտության կարգավորման համար”։