100 անօթեւանի տրվել է ժամանակավոր կացարան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանը Հայ-Դանիական “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել եւ իրականացնում է մայրաքաղաքի անօթեւաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթեւաններ, որոնցից կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում 86-ը Երեւան քաղաքից:
2011 թվականի դեկտեմբերի 23-ից մինչ այսօր սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդյունքում հարազատների մոտ են տեղափոխվել 41 անօթեւաններ, 66-ը տեղավորվել են աշխատանքի եւ վերադարձել ինքնուրույն կյանքի, 17-ը տեղափոխվել են մասնագիտացված տուն-ինտերնատներ, հոգեկան շեղումներ ունեցող, ինչպես նաեւ թմրանյութերից եւ խմիչքից կախվածություն ունեցող 11 անօթեւաններ բուժման նպատակով տեղափոխվել են մասնագիտացված հաստատություններ, 10-ը ամուսնացել են եւ հեռանալով կացարանից, անցել ինքնուրույն կյանքի։ Ռուսաստանի դաշնության 4 քաղաքացի տեղափոխվել են հայրենիք, հետախուզման մեջ գտնվող 2 անօթեւան կալանավորվել է, եւս 18-ին անձնագրեր են տրվել:
Անօթեւանններին ժամանակավոր կացարանում տեղավորման, սոցիալական տարաբնույթ աջակցությունների մատուցման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից են եւ գտնվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության ներքո:
Շարունակվող աշխատանքների արդյունքում Ս. Շահումյանի արձանի ետնամասում գտնվող այգու տարածքից ս/թ օգոստոսի 13-ին եւս չորս անօթեւաններ են տեղափոխվել Վարդաշենի “Հանս Քրիստիան Կոֆոեդ” հիմնադրամի շենքում տեղակայված անօթեւանների կացարան, իսկ մեկը, որն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ, որտեղ համապատասխան բուժում ստանալուց հետո կտեղափոխվի ժամանակավոր կացարան։