“Տանկային բիաթլոն-2014” մրցույթի եզրափակիչ փուլում հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը
Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան “Ալաբինո” ուսումնական զորավարժարանում այսօր` օգոստոսի 16-ին, կայացել է “Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցումների եզրափակիչ փուլը:
“Տանկային բիաթլոն-2014”-ի եզրափակիչ փուլում մրցում էին նախորդ օրերի արդյունքներով 1-ից 4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի եւ Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը:
Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը:
“Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը:
Միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստները հայրենիք կվերադառնան վաղը` օգոստոսի 17-ին: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում օգոստոսի 17-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն բարձրաստիճան զինվորականներ, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները: