23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ալիևին կառուցողական անվանելն ուղղակի խայտառակություն է. հակապետական դիրքորոշում է». Էդուարդ Շարմազանով

«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,-  168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նա ընդգծեց՝ ԱԺ-ից քաղաքական բանավեճն իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի պատճառով. «Ուշ թե շուտ սա պետք է լիներ, և ավելի զարհուրելի ու դատապարտելի է վարչապետի այդ հանդուգն արտահայտությունը, որ՝ լավ ենք արել, արել ենք: Եթե իր նման մտածեինք, ԱԺ նիստ վարողը մուրճ ունի, պետք է իր ամեն ելույթից հետո այդ մուրճով գլխին խփեինք: Կամ, եթե «սամասուդի» տրամաբանությամբ մտածեինք, նա պետք է Գյումրիից Երևան չհասներ: Չի կարելի»:

 Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ուղնուծուծով բոլշևիկ է. «Մեկ էլ բոլշևիկներն են այդպես արել՝ Չարենցի կարծիքն իրենց կարծիքից տարբերվում էր՝ գյուլլել, Բակունցինը տարբերվում էր՝ գյուլլել… Հիմա այս մարդն է, բացի իր կարծիքից՝ այլ ճշմարտություն չի ճանաչում: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից հակապետական է: 2018թ. ապրիլին Հայաստանում աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների, այդ թվում՝ արևմտյան համապատասխան ուղեղային կենտրոնների և գրանտային կազմակերպությունների ուղիղ աջակցությամբ տեղի է ունեցել իշխանազավթում, որը հակապետական գործողություն էր: Եթե մարդիկ դեռ այսքան բանից հետո թույնն ու ատելությունը, որը, չգիտես ինչու, կոչվեց սեր և համերաշխություն, անվանում են դրական պրոցես, ապա այսօր պետք է տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հիմա վերադարձել է Լիսաբոնի և փուլային տարբերակի ժամանակաշրջան: Այսինքն՝ այն 20 տարվա ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք, իսկ դա այն էր, որ հասել էինք նրան, որ ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես սկզբունք, ներառվել է: Ավելին, Սերժ Սարգսյանի քաղաքական, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ այդ ինքնորոշման իրավունքը ստացել է պարտադիր ուժ: Այսինքն՝ եթե Տեր-Պետրոսյանի ժամանակ խոսք չկար հանրաքվեի մասին, խոսք կար միայն տարածքների հանձնման մասին, ապա, երբ մեր թիմը իշխանությունից հեռացել է, մենք փաստաթղթով ժառանգել ենք Փաշինյանին այդ ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտումը: Ի՞նչ է տեղի ունենում այսօր՝ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ մեծամտությամբ՝ հրաժարվում է այդ ձեռքբերումներից, ասում է՝ ես սկսում եմ իմ կետից: Իր կետը Դուշանբեի վերելակն էր, որտեղ նա ՄԽ համանախագահների և բանակցող կողմերի միջև գրավոր համաձայնությունը, որը ձեռք բերվեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում՝ կապված շփման գծի հետ, փոխեց Ալիևի հետ ինչ-որ բանավոր պայմանավորվածությամբ, որը խայտառակություն էր»:

Նա նկատեց՝ բանակցություններ կան, ինչի մասին խոսել է Լավրովը. «Մենք չենք ասել, որ մենք բանակցել ենք մեր երազանքների փաստաթուղթը, բայց Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի հայեցակարգը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»  հայեցակարգն է: Մենք բանակցել ենք, նախ և առաջ, կարգավիճակի համար, հետո նոր տարածքների հարցն էր: Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշեց, որ Արցախի հարցի անկյունաքարն անվտանգությունն է: Միտումնավոր կամ ոչ միտումնավոր ինքնորոշման իրավունքը գցեց երկրորդ պլան: Եթե անվտանգությունն է կարևոր հարցը, ապա կարող է՝ վաղը միջազգային հանրությունը մեխանիզմներ է մշակում, ասում է՝ անվտանգությունն ապահովում եմ, Արցախի ժողովրդին ոչ մի ֆիզիկական վտանգ չի սպառնում, բայց Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմ: Մենք ասում էինք, որ ամենակարևորն ինքնորոշման իրավունքն է»:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: ՌԴ-ն էլ ա ուզում, Միացյալ Նահանգներն էլ, Ֆրանսիան էլ ա ուզում»:

Էդուարդ Շարմազանովն այս հայտարարության վերաբերյալ ասաց. «Սա հանցագործ հայտարարություն է, հասկանո՞ւմ եք: Այն Ալիևը, որը սանձազերծել է ապրիլյան պատերազմ, այն Ալիևը, որի վարչապետը վերջին երկու շաբաթում հենց Նիկոլ Փաշինյանին սաբոտաժի մեջ է մեղադրում, այն Ալիևը, որն ասում է՝ Զանգեզուրն ու Երևանը իմ պատմական տարածքն են, մեր վարչապետն ասում է, որ այդ Ալիևը կառուցողական է տրամադրված. Սա ուղղակի խայտառակություն է: Ալիևին կառուցողական անվանելը հակապետական դիրքորոշում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ