Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախ վարչապետին է ներկայացրել ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ եւ փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ:
Այնուհետեւ ԱԻՆ ծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքներով: Ուսումնավարժանքի պայմանական սցենարով՝ բազմահարկ շենքում տեղի էր ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել էին աստիճանավանդակները, բռնկվել հրդեհ, մարմնական վնասվածքներ ստացել բազմաթիվ անձինք: ԱԻՆ փրկարարները, դրսեւորելով մասնագիտական բարձր պատրաստականություն, կարողացել են հաջողությամբ մեկուսացնել հրդեհը եւ դեպքի վայրից դուրս բերել տուժածներին:
Կառավարության ղեկավարն այցելել է նաեւ ԱԻՆ “Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն” ՊՈԱԿ, ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական տեսչություն, ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացել վերջիններիս գործունեությանը: Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նաեւ ԱԻՆ սերվերային նոր տնտեսությունը, որը հագեցած է բարձրակարգ սարքավորումներով եւ տեխնիկայով:
Այցի ավարտին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման վայրերում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը: Իր հերթին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումների գործունեության արդյունքներն ու ծրագրերը:
Արմեն Երիցյանը նշել է, որ Հայաստանի աղետների եւ ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիման վրա նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը: Նախարարի տեղեկացմամբ՝ 2012 թվականին ՄԱԿ-ը ՀՀ ԱԻՆ-ը ճանաչել է լավագույն ձեռքբերումներ արձանագրած նախարարություն, իսկ ՄԱԿ-ի անդամ 35 երկրների ներկայացուցիչներ վերջին շրջանում այցելել են Հայաստան՝ ծանոթացել աղետների դեմ պայքարում հայ մասնագետների փորձին ու գիտելիքներին:
Ամփոփելով՝ ՀՀ վարչապետը նշել է. «Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը եւ սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարեւոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով: Վերջին տարիներին ԱԻՆ-ում արձանագրվել են ակնհայտ ձեռքբերումներ, ինչի համար ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ է, քանի որ վտանգի դեպքում իր կողքին կանգնած է մի կուռ կառույց, որը յուրաքանչյուր պահի կարող է աջակցել մեր քաղաքացիներին»:
Այնուհետեւ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության օդերեւութաբանական կայանի կայացման եւ զարգացման գործում ներդրած անձնական ավանդի եւ երկարամյա աշխատանքային գործունեության համար «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգեւատրել Վալենտինա Պաշչենկոյին:
Հովիկ Աբրահամյանը սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումներ է հանձնել նաեւ ԱԻՆ մի խումբ փրկարարների: