Սերժ Սարգսյանը Պուտինին է ներկայացրել շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառները /լրացված, ֆոտո/
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին եւ շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու եւ Սոչի այցելելու համար:
“Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաեւ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները: Աշխատանքը կատարվում է, եւ ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել այն մասին, թե այդ ուղղությամբ ներկա պահին այն ինչ վիճակում է գտնվում:
Բայց, անշուշտ, մենք նաեւ երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր, անկասկած, կխոսենք, ինչպես նաեւ հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ եւ հագեցած է”,-ասել է ՌԴ Նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս հանդիպման նպատակով Սոչի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ նշել. “Մեր վերջին հանդիպումից անցել է երեք ամիս եւ մեր որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա: Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր՝ կապված ինտեգրացիոն գործընթացների, ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ:
Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին եւ հայ-ադրբեջանական սահմանին եւ Ս մասին”:
Հանրապետության Նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահին՝ ջերմ ընդունելության եւ աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու համար:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Նախագահի պաշտոնական կայքից:
Ավելի վաղ՝ ժամը 17.08 ՀՀ նախագահի մամուլի ոխսնակը իր Թվիթիրի էջում տեղեկացրել էր, որ մեկնարկել է հանդիպումը: