Ի պաշտպանություն հայ բարերար Լեւոն Հայրապետյանի
“Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի” նախաձեռնության անդամները օգոստոսի 7-ին երթ էին կազմակերպել: “Ազատություն Լեւոն Հայրապետյանին”, “Փոխել խափանման միջոցը”` եւ նմանատիպ այլ կարգախոսներով, ի դեպ հայերեն եւ ռուսերեն լեզվով, ակցիայի մասնակիցները Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտակայքից շարժվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից պահանջեցին հանդես գալ հայտարարությամբ:
Հիշեցնենք, ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայում:
“Պահանջում ենք մարդու իրավունքների պաշտպանին ուշադրություն դարձնել այս հանգամանքին, քանի որ խախտվել է մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիայի երկրորդը հոդվածը՝ մարդու կյանքի իրավունքի մասին: Լեւոն Հայրապետյանը ծանր հիվանդություններով է տառապում, բայց գտնվում է նախնական կալանքի տակ: Կա համապատասխան օրենք, ըստ որի՝ ծանր հիվանդություններ ունենալու դեպքում մարդուն չի կարելի կալանավորել: Կարեն Անդրեասյանը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Լեւոն հայրապետյանի, քանի որ նրա կյանքը վտանգված է, պետք չէ լռել: Նրա խցում շոգ է, եւ նույնիսկ ուշաթափություն է ունեցել”,- ՄԻՊ գրասենյակի մոտ մարդու իրավունքների պաշտպանին ուղված նամակը կարդաց նախաձեռնության անդամներից մեկը:
Ակցիան ավարտվեց Արտաքին գործերի նախարարության շենքի առաջ: