12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում. ՀՀ վարչապետ

 

Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով,  որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված եւ պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: “Կառավարությունն ուշադիր է եղել եւ այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը, պետք է աշխատանք ունենան: Մենք այժմ օրենքի նախագիծ ենք պատրաստում եւ սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով, որ սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից”, – նշել է Հովիկ Աբրահամյանը:

    Ինչ վերաբերում է սահմանի լարված իրավիճակին, այս կապակցությամբ կառավարության ղեկավարն ասել է. “Կրակոցները միշտ եղել են, իսկ այդ ակտիվությունը ես կապում եմ նաեւ Սոչիում օգոստոսի 8, 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Ռուսաստանի նախագահի կայանալիք հանդիպման հետ: Այս միջադեպերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այսօր հնարավորություն չունեն, որպեսզի Արցախի եւ Հայաստանի բանակներին ձեռնոց նետեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, եւ մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում”:

    Հանրապետության վարչապետն անդրադարձել է նաեւ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին վերաբերող հարցերին` գոհունակություն հայտնելով Հաղպատի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներից, ապա խոսելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ծրագրերից: “Յուրաքանչյուր հանքարդյունաբերական ընկերություն պետք է օրենքի շրջանակում աշխատի, քանի որ մեզ համար ամենակարեւորը մեր բնակիչների առողջությունն է եւ էկոլոգիական խնդիրները: Այսօր կոմբինատում 700-ից ավելի մարդ է աշխատում, եւ եւս 200 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն կա:  Որպես կառավարության ղեկավար աջակցելու եմ, որպեսզի նոր ծրագրեր իրականացվեն եւ աշխատատեղեր ստեղծվեն”, – հավելել է վարչապետը: Իսկ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարման առնչությամբ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընդհանուր մեկ տարվա աշխատավարձի պարտքը 350 մլն ՀՀ դրամ է, եւ մինչեւ օգոստոսի 10-ը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը: Եվ եթե լինեն գործարանի վերագործարկման եւ զարգացման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց իրականացմանը:

     Պատասխանելով բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է. “Լեւոն Հայրապետյանը մշտապես օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերի իրականացմանը, միշտ եղել է արցախցու կողքին: Մենք բարձր ենք գնահատում նրա բարեգործությունը եւ փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակում օգնել նրան որպես մեր ազգի բարերար”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ