Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարը
Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ՀՀ ԶՈւ եւ ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում եւ ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ՀՀ պաշտպանության նախարարություն