23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան

Համաճարակը բազմաթիվ խնդիրներ վերանայելու, վերաիմաստավորելու պահանջ է դրել։ Պահանջվում են քաղաքական, իրավական ճիշտ որոշումներ, նոր որոշումներ, նոր մտածողություն։ Սա էլ հենց կպայմանավորի պետության ունակությունները՝ դիմակայելու ներկա և առաջիկա անխուսափելի ճգնաժամերին։

Միջազգային բազմաթիվ կառույցներ հանդես են եկել կոչերով՝ խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր, խրոնիկական կամ մի քանի համակցված հիվանդություններ ունեցող ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների հնարավորությունը, իսկ խափանման միջոցի ընտրության հարցում ընտրել ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։

Դատախազությունը և արդարադատության նախարարը նույնպես  երկարատև հորդորներից հետո ի վերջո որոշեցին հաղթահարել իրենց չհիմնավորված համառությունը և դարձան միջազգային միտումներին համահունչ։

Առաջիկայում պարզ կլինի, թե որքանով կյանքի կկոչվի այս կառույցների հայտարարությունները, արդյոք դրանք իսկապես ուղղված կլինեն համաճարակի փուլում փակ հաստատություններում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, թե միջազգային թրենդի ազդեցության և իրավաբանների հորդորների ներքո պարզապես հայտարարություն է արվել և գործելու է ընտրովիության սկզբունքը՝ ում պետք է, կազատանեք, ում պետք չէ՝ չենք ազատի։ Մի բան ակնհայտ է, բավական ցցուն օրինակով՝ առայժմ տեղի է ունենում հայտարարությունների ճիշտ հակառակը։

Մինչ արդարադատության նախարարը հայտարարում է, որ ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իսկ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, իշխանությունները որոշում են Ռոբերտ Քոչարյանին դուրս գրել բժշկական հաստատությունից և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Ընդ որում, տեղափոխումը տեղի է ունենում ոչ թե բժիշկների ցուցումով, այլ իրենց որոշմամբ։ Առողջական վիճակով պայմանավորված հոսպիտալացումը, ոչ վաղ անցյալում իրականացված վիրահատությունը միջազգայնորեն ընդունված ակնհայտ ռիսկային չափանիշներ են, ինչի պարագայում պետք է քննության առարկա դառնար կալանքից ազատելու հարցը, և ոչ թե բժշկական հիմնարկից տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ։

Տպավորություն է, որ յուրաքանչյուր հաջորդ քայլ այս գործով արվում է բացառապես իշխանություններին դուր գալու կանխավարկածով։ Մարտի 1-ի գործով դատավարությունն անվերջ ձգձգվում էր նույնիսկ մինչ համաճարակը։ Նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունը, ինչը պետք է քննվեր հրատապ, առանց ավելորդ ձգձգումների, արդեն երկար ժամանակ քննության առարկա չի դառնում դատավոր Դանիբեկյանի «ինքնամեկուսացման» պատճառով։ Ոչ ԲԴԽ-ն, ոչ դատարանը չեն կարողանում հստակեցնել, թե երբ է կայանալու հաջորդ դատական նիստը, բացահայտ կերպով խախտելով արդար դատաքննության իրավունքը, արդարադատության մատչելիությունը։   

Եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված  առաջիկայում  քննության առարկա չդառնա կալանքն այլ խափանման միջոցով փոխելու հարցը, իսկ դատախազությունը և դատարանները դրսևորեն ընտրովի մոտեցում՝ մի շարք անձանց ազատենք, մնացածին՝ ոչ՝ անկախ ամեն ինչից, այլևս որևէ կասկած չի մնա, որ գործ ունենք քաղաքական վրեժխնդրության և անձնական հաշվեհարդարի հետ:

Այս պահին կա ընտրության երկու տարբերակ՝ կամ իրավապահ համակարգը իրեն դուրս կդնի քաղաքական խաղից, կգիտակցի պահի լրջությունն ու կկայացնի ճիշտ որոշում, կամ վաղը նման արդարադատություն իրականացնողները կկանգնեն անհատական պատասխանատվության առջև։

Ճիշտ որոշումը, նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության և անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների և օտարների» թեման, հանդարտեցնել լարվածության մթնոլորտը։ Հակառակ պարագայում լարվածության խորացումը կարող է ներքին պայթյունների պատճառ դառնալ։ Դրա տակից որևէ իշխանություն չի կարողանա դուրս գալ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ