24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարկերի ավելացումը տնտեսությանը և հասարակությանը կդնի ավելի մեծ բեռի տակ.168.am

168.am-ը գրում է․ «Վարկերի ավելացումը, ինչի հաշվին կառավարությունը փորձում է մեղմել կորոնավիրուսի հետևանքները, տնտեսությանն ու հասարակությանը կդնի էլ ավելի մեծ վարկային բեռի տակ։ Առանց այդ էլ, այդ բեռն այսօր փոքր չէ։ Ու եթե չհաջողվի ժամանակին դուրս գալ այս իրավիճակից և վերականգնել վարկերի սպասարկման կարողությունները, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Կարևոր չէ, վարկերը կտրվեն անտոկո՞ս, թե՞ ցածր տոկոսներով։ Միևնույն է, դա բերելու է վարկային բեռի ավելացման և ռիսկերի ավելի խորացման։

Առավել ևս, որ դեռ հայտնի չէ, թե այդ ներարկումները որքանով թույլ կտան տնտեսությանը դուրս գալ այս իրավիճակից։ Ամեն ինչ կախված է պահանջարկի վերականգնումից, իսկ դա այնքան էլ շուտ չի լինելու։ Հատկապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպեսին են ծառայություններն ու սպասարկումը։ Դրանց պահպանման համար վարկերի ներգրավումը սպառնում է նոր խնդիրներով։ Արդեն հիմա նրանք ի վիճակի չեն սպասարկել իրենց նախկին պարտավորությունները, իսկ պահանջարկի վերականգնման հեռանկարները խիստ անորոշ են։

Այս պայմաններում վարկային բեռի ավելացումը կարող է ժամանակավորապես լուծել տնտեսության ֆինանսական խնդիրները, բայց հետագայում դա շատերին կանգնեցնելու է ծանր փորձության առաջ։ Ու դեռ հարց է, թե ո՞րն է ավելի նպատակահարմար լինելու՝ ի սկզբանե դադարեցնե՞լ գործունեությունը, թե՞ մտնել նման ծանրության տակ։

Երբ բազմաթիվ ոլորտներում պահանջարկը կտրուկ ընկել է, վարկային ներարկումները ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն տալու նրանց տնտեսական գործունեությանը։ Դրանք ընդամենը ժամանակավոր գոյատևման խնդիր են լուծելու։ Դրա համար պետք է մտածել այլ արտոնությունների տրամադրման, ինչպես նաև՝ վճարունակ պահանջարկի խթանման մասին, որը, սակայն, շատ ավելի դժվար ու երկարաժամկետ պրոցես է։

Վարկային ճնշումը Հայաստանում մեծ է ոչ միայն՝ տնտեսության առանձին հատվածներում, այլև՝ քաղաքացիների վրա։ Այդ ճնշումը բավական կտրուկ ավելացել է հատկապես վերջին 2 տարիներին՝ կապված սպառողական և հիպոթեքային վարկերի չհիմնավորված բարձր պահանջարկի և այդ պահանջարկն ամեն գնով բավարարելու փորձերի հետ։ Երբեմն մարդիկ մտել են ոչնչով չարդարացված վարկային ծանր բեռի տակ ու այսօր կանգնել են փաստի առաջ։ Եթե ժամանակին կարողանում էին մի տեղից վարկ վերցնել մյուս փակելու համար, ապա հիմա դա էլ է անհնարին դարձել։ Ֆինանսական կազմակերպությունները ստիպված են ավելի մեծ զգուշավորություն ցուցաբերել վարկային միջոցների տեղաբաշխման նկատմամբ։ Մի բան, ինչը չկար վերջին 2 տարիներին։ Տուրք տալով քաղաքական իշխանության ամբիցիաներին՝ էապես թուլացվեցին վարկի տրամադրման պահանջները՝ ռիսկեր ստեղծելով ոչ միայն՝ վարկառուների, այլև՝ ֆինանսական համակարգի համար։

Հավանաբար հիշում եք, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչպիսի ակնածանքով էր խոսում վարկերի ավելացման մասին։ Ներդրումների բացակայության պայմաններում վարկերը համարվում էին տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը։

Եվ ահա արդյունքը։ Առանց բավարար հիմքերի՝ համատարած վարկավորումը մեծ չարիք է դարձել ոչ միայն՝ հասարակության, այլև՝ բանկային համակարգի համար։

Այսօր Հայաստանում ավելի քան 550 հազար սպառողական վարկեր կան։ Սրանք այն վարկերն են, որոնք մարդիկ վերցրել են իրենց առօրյա խնդիրները լուծելու համար՝ մտածելով, որ հետագայում հնարավորություն կունենան աստիճանաբար վերադարձնել։ Այժմ, երբ տնտեսական դժվարությունների ու սպասվող ճգնաժամի հետևանքով շատերը կանգնել են իրենց եկամուտներից զրկվելու խնդրի առջև, մեծացել են այդ գումարները վերադարձնելու ռիսկերը։ 2-3 ամսով դրանց հետաձգումը խնդրի լուծում չէ, եթե չհաջողվի պահպանել մարդկանց վարկունակությունը։ Իսկ դա այս պայմաններում գրեթե անհնարին է թվում։

Տնտեսական իրավիճակը հիմքեր չի ստեղծում խոսել այն մասին, որ մարդիկ առաջիկայում չեն կորցնի իրենց եկամուտները։ Այսօր արդեն տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, որոնց մեջ քիչ չեն նաև վարկերի տակ գտնվողները, կանգնած են նման խնդրի առջև։ Ու դա դեռ միայն սկիզբն է։ Սպասվում է, որ առաջիկայում այս պրոցեսը խորանալու է՝ կապված ոչ միայն՝ աշխատատեղերի փակման, այլև՝ այլ ոլորտներից ակնկալվող եկամուտների կրճատման հետ։ Խոսքը մասնավորապես դրսից ստացվող եկամուտների մասին է, որոնք ձևավորվում են տրանսֆերտներից ու արտագնա աշխատանքից։

Արտագնա աշխատանքի հեռանկարներն այս պահին խիստ անորոշ են։ Շատերը հիմա արդեն պիտի մեկնած լինեին, բայց չեն կարողանում՝ սահմանների փակ լինելու պատճառով։ Չնայած դեռ պետք է մտածել՝ գնա՞լն է ավելի ձեռնտու լինելու, թե՞ մնալը։ Նման իրավիճակներում աշխատանք գտնելու հեռանկարները նվազում են նաև այն հիմնական շուկաներում, որտեղ մեր հայրենակիցները մեկնում են արտագնա աշխատանքի։

Խնդիր է նաև ռուբլու փոխարժեքը, որը հասցրել է արժեզրկվել գրեթե 20-25 տոկոսով՝ այդքանով նվազեցնելով նաև ռուսական շուկայում աշխատանք փնտրողների եկամուտները։

Այս ամենը ռիսկ է ներքին վարկային շուկայի համար։ Ու դա առկա է ոչ միայն սպառողական վարկերի, այլև հիպոթեքի դեպքում։ Ինչպես հայտնի է, վերջին 2 տարիներին հիպոթեքային վարկերը եղել են բանկերի վարկային պորտֆելի ամենաարագ աճող հատվածը։ Դրան նպաստել է, առաջին հերթին՝ եկամտային հարկի գումարների ակտիվ վերադարձը, ինչը հասցրել է բավական լուրջ ծանրություն ստեղծել պետական բյուջեի համար։

Հասարակության եկամուտների կրճատումը լուրջ ռիսկ է վարկերի, այդ թվում՝ հիպոթեքային վարկերի սպասարկման համար։ Լավ է, որ գոնե հայտարարվեց առանձին ծրագրերով տրամադրված հիպոթեքային վարկերի մայր գումարների մարումը մինչև 6 ամսով հետաձգելու մասին։ Այս պահին այդ նախաձեռնությունը թույլ կտա որոշ չափով թուլացնել ճնշումը։

Բայց դա չի նշանակում, թե այդպիսով բոլոր ռիսկերը չեզոքացվեցին։ Ռիսկերն այսօր շատ ավելի խորն են, և դրանք ստիպում են մտածել քաղաքացիների վրա վարկային բեռը թուլացնելու կամ նոր բեռ չավելացնելու, ֆինանսական համակարգը հնարավոր վտանգներից զերծ պահելու մասին։

Տարվա սկզբին որոշ միտումներ նկատվեցին սպառողական վարկերի շուկայում։ Դրանց աճի տեմպը դանդաղեց։ Բայց դա բավարար չէ խոսելու ռիսկերի թուլացման մասին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ