24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս ընտրությունները միակն են լինելու աշխարհում,և գուցե հենց իրավիճակի ոչ միանշանակ լինելը ստիպի աշխարհին ևս մեկ անգամ լսել ու հիշել Արցախի մասին. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է. «ԽԻԶԱԽՈՒՄՆ ՈՒ ՀՈՍԱՆՔՆԵՐԻՆ ԴԵՄ ԳՆԱԼԸ ԲՆՈՐՈՇ Է ԱՐՑԱԽՑՈՒՆ

Մինչ աշխարհն իրար խառնված պատերազմում է COVID-19 անտեսանելի թշնամու դեմ, Արցախն,այնուամենայնիվ, որոշեց գնալ ընտրությունների: Պետք է խոստովանենք, որ առկա իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնելը բավականին խիզախ քայլ է:

Խիզախումն ու բոլոր տիպի հոսանքներին դեմ գնալն, իհարկե, բնորոշ է արցախցուն: Պատմության ընթացքում այն հաճախ եղել է Արցախի ժողովրդի հաջողության գրավականներից մեկը: Տա աստված, որ այս ընտրությունները ևս նոր հաջողություններ, ուժ և հավատ ավելացնեն Արցախի ապագային ու անկոտրուն պայքարին:

Այս ընտրությունները միակն են լինելու աշխարհում,և գուցե հենց իրավիճակի ոչ միանշանակ լինելը ստիպի աշխարհին ևս մեկ անգամ լսել ու հիշել Արցախի մասին: Աշխարհի բոլոր անկյուններում համաճարակն ահաբեկում է մարդկանց, իսկ Արցախում քաղաքացիները ընտրում են իրենց նախագահին և խորհրդարանը: Համաձայնեք, որ համաշխարհային մամուլը, եթե անդրադառնա այս երևույթին, գուցե Արցախ/Ղարաբաղ անվանումը շատերի հետաքրքրությունը շարժի:

Այսինքն, դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությունը, ամրապնդելով իր պետականության կայացման հաջորդական քայլերը, առաջնորդվելով իրավական պետությանը հարիր նորմերով, կարևորելով իր անվտանգության ու անկախության բոլոր հնարավորությունները՝ գնում է ապացուցելու աշխարհին, որ հաստատակամ է և ոչ մի պարագայում չի նահանջելու ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր պայքարից:

Էպիդեմիաները, բնական ու տեխնածին աղետները կանցնեն, սակայն Արցախի ու Հայաստանի անվտանգության, չավարտված պատերազմի կամ չսկսված խաղաղության պահանջը մեզ միշտ լրջության կոչ է անում: Վստահ եմ, որ Արցախը գնալու է հենց այդ լրջության, խոհեմության, կշռադատված ու հիմնավորված ընտրության ճանապարհով: Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից:

Այդ պայքարին հավատարիմ մնալով, հերթական անգամ Արցախն ընտրելու է իրեն արժանի նախագահ և խորհրդարան: Նախագահ, ով անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու, և խորհրդարան, որը միտք ու իմաստ է տալու արցախյան քաղաքական կյանքին ու խնդիրներին:

Արցախի ընտրությունը նաև Հայաստանի ընտրությունն է, աշխարհասփյուռ հայերի ընտրությունն է: Թող այն դառնա համընդհանուր հաջողության գրավականներից մեկը: Արցախի ընտրություններից չպետք է շահած դուրս գան միայն մի խումբ մարդիկ կամ կուսակցություններ:

Թող Աստված բարին առաջնորդի և հաղթանակած ժողովրդին հարիր՝ անվնաս ու խաղաղ ընտրություններ լինեն Արցախ աշխարհում:
Բարին ընդ Ձեզ և Աստված պահապան բոլորիս»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ