ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին` հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀՀ պետական բարձր պարգևների` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և Պատվո շքանշանի արժանացած Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա համաշխարհային երաժշտարվեստի երախտավորներից մեկի, լայն աշխարհայացքի տեր մտավորականի և վառ անհատականության` Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին, ում հետ իմ յուրաքանչյուր հանդիպումը ջերմությամբ եմ հիշում: Անուրանալի է նրա ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում:
Քշիշտոֆ Պենդերեցկու ապրած կյանքը, հիրավի, աստվածաշնորհ առաքելություն էր:
Աստված թող լուսավորի և խաղաղության մեջ պահի նրա ազնիվ հոգին:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Քշիշտոֆ Պենդերեցկու այրուն` Էլժբիետա Պենդերեցկային, անվանի մտավորականի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»-, ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: