Ցավակցել են ՀՀ նախագահն ու վարչապետը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Արեւշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արեւշատյանի մահվան կապակցությամբ: “Նշանակալի է Սեն Արեւշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման եւ հարստացման լուրջ ճանապարհ է անցել:
Հայրենասեր մտավորականն իր գիտական եւ հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլեւ ողջ հասարակության շրջանում: Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արեւշատյանի հարազատներին, գործընկերներին եւ մերձավորներին”,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: Գիտնականի մահվան առիթով հարազատներին ցավակցել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
“Սեն Արեւշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից եւ մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության եւ հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարեւորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում”, – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում: