24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը՝ պատրանքների մեջ․ կրկին 0-ից պիտի սկսենք․ 168․am

168.am-ը գրում է․ «Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է համաշխարհային տնտեսությանը սպառնացող վտանգներով և քայլեր է ձեռնարկում հնարավորինս քիչ կորուստներով ազգային տնտեսություններն այդ իրավիճակից դուրս բերելու համար, Հայաստանի կառավարությունն ընկել է պատրանքների գիրկը։ Վարչապետը հայտարարում է ինչ-որ գաղափարների մասին, որոնք ընդհանրապես կապ չունեն մեր տնտեսության իրողությունների հետ։

Տնտեսությունը քանդվում է, իսկ մենք դարձյալ տնտեսական հեղափոխությունից ենք խոսում՝ փոխարենը մտածենք եղածը հնարավորինս քիչ կորուստներով պահպանելու մասին։ Մեկ անգամ արդեն տնտեսական հեղափոխություն արեցինք։ Բայց հիմա պարզվում է՝ կրկին զրոյական կետից պիտի սկսենք և դարձյալ պիտի փորձենք տնտեսական հեղափոխություն անել։

«Այս անորոշությունները մեր համար բացում են նոր հնարավորություններ։ Մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե՝ որպես ողբերգություն, այլ պետք է նայենք՝ որպես հնարավորություն՝ Հայաստանի և՛ տնտեսական, և՛ քաղաքական դիրքերը աշխարհում ուժեղացնելու, մեր երկրում բարեկեցության նոր մակարդակ կառուցելու համար։ Ես հույս ունեմ՝ սա ցինիկ չի հնչի։ Էն տնտեսական հեղափոխությունը, որի մասին ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք՝ որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակն իրոք եկել է։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո անընդհատ խոսում էինք նոր համակարգերի մասին, բայց շատ լարված էինք, որ ինչ-որ բան չփլուզենք, քանի դեռ տեղը նոր բան ստեղծելու երաշխիք չկա։ Հիմա ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի հատ մեծ շինհրապարակ։ Եվ հետևաբար՝ պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր հնարավորություն, նոր տնտեսություն կառուցելու մասին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսական հեղափոխություն ասվածը մեզ համար նորություն չէ։ Հեղափոխության մեկնարկի մասին վարչապետը հայտարարեց դեռևս 1 տարի առաջ։ Անցած ամբողջ տարվա ընթացքում խոսվում էր տնտեսական հեղափոխության ու հեղափոխական ձեռքբերումների մասին։ Հիմա ստացվում է, որ իրականում ոչ մի տնտեսական հեղափոխություն էլ տեղի չի ունեցել։ Տնտեսական հեղափոխությունը դեռ նոր պիտի անենք։

Տնտեսության մեջ սպասվող ռեցեսիայի ֆոնին, սա, ըստ էության, հերթական փորձն է՝ հասարակությանը մոլորեցնելու համար։ Գրեթե 2 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության է։ Այդ ընթացքում բազմաթիվ խոստումներ են տրվել։ Բայց դրանք չեն իրականացել ու առաջիկայում իրականանալու շանս չունեն։ Եվ որպեսզի արդարացնի այդ ամենը, կառավարության ղեկավարը խոսում է տնտեսական հեղափոխությունը զրոյական կետից մեկնարկելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Արդյունքների հասնելու համար, բնականաբար, ժամանակ է պետք։

Զարմանալի չէ, որ վարչապետի համար այլևս հետաքրքիր չէ՝ կապահովվե՞ն, թե՞ ոչ այս տարվա համար նախատեսված տնտեսական աճի ցուցանիշները։

«Դա արդեն հետաքրքիր չէ։ Դա արդեն անցյալի թեմա է, դա արդեն անցյալի մեթոդ է։ Ըստ էության հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում։ Եվ այդ փլուզումն իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի տնտեսության վրա։ Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, և 7-8 տոկոս տնտեսական աճը լավ է հեղափոխության համար,  հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք և դնենք մի կողմ»:

Սա ստանձնած պարտավորություններից, նախատեսված տնտեսական ցուցանիշների կատարումից խուսափելու և հետագա ձախողումներն արդարացնելու փորձ է։ Համաշխարհային տնտեսության փլուզումը գուցե և նոր հնարավորություններ է բացում, բայց դրա համար հիմքեր են պետք։

Արդո՞ք այսօր Հայաստանի տնտեսությունն ունի նման հիմքեր։

Նման հիմքեր չեն եղել նախկինում, չեն ստեղծվել նաև վերջին 2 տարում։ 2 տարում կառավարությունն այդպես էլ չկարողացավ լուծել անգամ ներդրումների հետ կապված խնդիրները։ Իսկ առանց ներդրումների՝ ի՞նչ նոր հնարավորությունների մասին կարող է խոսք լինել։ Հայաստանի տնտեսությունն այդպիսի պոտենցիալ չունի։ Լավագույն ցանկության դեպքում տասնամյակներ են պետք նման պոտենցիալ ստեղծելու համար։

Այսօր Հայաստանի տնտեսությունն ունի, առաջին հերթին՝ եղածը պահպանելու խնդիր։ Տնտեսությունը փլուզումից պաշտպանելու համար վարչապետի հայտարարած 150 մլրդ դրամի ներդրումային փաթեթը, որը, հետո պարզվեց՝ ոչ թե 150, այլ 130 միլիարդ է, մեծ բան չէ դրա համար։ Խոսքն ընդամենը 300 մլն դոլարի մասին է։ Հատկապես որ, այդ գումարներն օդից չեն ընկնելու։ Դրանց մի մասը հավանաբար վաղուց պլանավորված էին բյուջեում։ Ու դեռ հայտնի չէ, թե ինչ ժամկետում է կառավարությունը մտադիր դրանք ծախսել։

Եթե պիտի սպասենք նորարարական այն ծրագրերին, որոնց վրա պիտի կառուցենք նոր տնտեսությունը ու դնենք տնտեսության ապագայի հիմքը, ապա երկար ենք սպասելու։ Այնպես չէ, որ կորոնավիրուսը պիտի գար՝ քանդեր տնտեսությունը, որպեսզի այդպիսի ծրագրեր ի հայտ գային։ Նորարարական քանի՞ ծրագիր է իրականացվել Հայաստանում վերջին 2 տարում, որ հիմա էլ հույսը դրա վրա ենք դնելու, մի բան էլ պատրաստվում ենք 80 մլրդ դրամ տրամադրել։ 80 միլիարդը, իհարկե, մեծ գումար չէ, բայց պարզ է, որ դա էլ չի ծախսվելու, որովհետև դրա համար ծրագրեր են պետք, որոնք չկան, իսկ կառավարությունը ոչինչ չի անում, որպեսզի լինեն։

Հեշտ է ասել, որ կորոնավիրուսը նոր հնարավորություն է ստեղծել Հայաստանի դիրքերն աշխարհում ուժեղացնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար։ Դրա համար պայմաններ են պետք։ Այնինչ Հայաստանի տնտեսությունն այսօր չունի անգամ տարրական հնարավորություններ. տարիներ շարունակ չենք կարողանում լուծել բեռնափոխադրումների խնդիրը, այնինչ ուզում ենք համաշխարհային շուկաներում նոր հորիզոնականներ նվաճել։ Այդպես չի լինում։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշեցնում, որ կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսության մեջ 2 տրիլիոն դոլարի պահանջարկ է բացվել, որից պետք է օգտվել։ Նպատակը, իհարկե, ողջունելի է, բայց այդ նպատակին հասնելու համար հարկավոր է նախ և առաջ մտածել մրցունակ ապրանք ունենալու մասին։ Նախորդ 2 տարում քանի՞ նոր արտադրություն է բացվել Հայաստանում, էլ չասենք, թե քանի նոր մրցունակ ապրանք է արտադրվել, որը հիմա կարող էր հիմք դառնալ՝ համաշխարհային շուկայում առաջացած 2 տրիլիոն դոլարի պահանջարկի գոնե մի փոքր մասը բավարարելու համար»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ