Պարետի գրասանյակը պարտավոր է անհապաղ պարզաբանումներ տրամադրել․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամբողջովին կիսում է Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած մտահոգությունները և կոչ է անում պարետ Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել առաջադրվաց հարցադրումները:
Հաշվի առնելով արտակարգ իրադրության պայմաններում գործունեություն ծավալելու միջազգային փորձը՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ պարետի գրասենյակը և ընդհանրապես՝ պետական իշխանությունը պարտավոր են հնարավորինս բարենպաստ պայմաններ ապահովել լրատվամիջոցների ազատ գործունեության համար․ գիտակցելով, որ արտակարգ դրության պայմաններում խուճապային տրամադրություններից զերծ մնալու, բնակչության հետ կայուն բացատրական աշխատանքի գործում թիվ մեկ օգնականները, դաշնակիցներն ու բարեկամները լրատվամիջոցներն են:
Ցավոք, դրա գիտակցումը ներկայիս որոշում կայացնողների շրջանում չի նկատվում: Հարկ ենք համարում շեշտել, որ արտակարգ իրավիճակի պայմաններում լրատվություն տարածելու փաստացի մենաշնորհը պարետատանը դնում է չափազանց պատասխանատու իրավիճակում՝ լրատվության օպերատիվության եւ ճշգրտության տեսանկյունից։
Օրինակ, միջազգային լրատվությունը տարածելու արգելքը չի նշանակում, թե այդ այդ լրատվությունը հասանելի չէ հայ հասարակությանը, եւ անգամ այդ լրատվության եւ պարետատան տարածած տեղեկատվության միջեւ անգամ փոքր անհամապատասխանությունը կարող է կասկածի տակ դնել ողջ պաշտոնական տեղեկատվության օբյեկտիվությունը։ Ուստի և «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, մտահոգված լինելով արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումներում առկա անորոշությունների խնդրով, կոչ է անում պարետ Տիգրան Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած հարցադրումները: Ստեղծված ծանր իրավիճակում պարետի գրասանյակը պարտավոր է գրավոր, սպառիչ կերպով անհապաղ պարզաբանումներ տրամադրել հնչեցված բոլոր հարցադրումների մասին, հնարավորություն ընձեռելով լրատվամիջոցներին որքան հնարավոր է շուտ իրենց աշխատանքը կազմակերպել, առանց անորոշությունների և դրանցից բխող կաշկանդող հանգամանքների:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև արձանագրում է, որ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման մեջ տեղ գտած անորոշությունները արդեն իսկ պատճառ են դարձել միջազգային կոշտ քննադատության համար: Մենք ամբողջովին համակարծիք ենք Հայաստանի մասին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության տեքստի հետ, որում ասվում է, որ «տեղեկատվությունը վերահսկելը ոչ թե օգնում է համաճարակի դեմ պայքարին, այլ նպաստում է բամբասանքների ու վախերի տարածմանը»: Նման խնդիրներից զերծ մնալու ամենաարդյունավետ ճանապարհն է հնչեցված հարցադրումների անհապաղ պարզաբանումն ու լրատվամիջոցների հետ կայուն գործընկերային հարաբերությունների հաստատումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցների ղեկավարները դիմել են պարետին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, պաշտոնական պարզաբանում ստանալու համար։