Միջնորդել է Օմբուդսմենը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/pastan_1405682011.jpg)
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:
Պաշտպանի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահամանվել է հաշմանդամության 2-րդ խումբ:
***
Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել:
Պաշտպանի միջնորդությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից կնոջ ընտանիքին, որպես կարիքավորի, հատկացվել է դրամական հրատապ oգնություն:
***
«Վանաձոր» կալանավայրի դատապարտյալն Օմբուդսմենին հայտնել է, որ ասեղ է կուլ տվել, սակայն իրեն չեն վիրահատում:
Օմբուդսմենի եւ Արդարադատության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում դատապարտյալը վիրահատվել է քաղաքացիական հիվանդանոցում. ասեղը հեռացվել է:
***
Հաշվառում չունենալու պատճառով երեւանաբնակ կնոջը չէին տրամադրում անձը հաստատող փաստաթուղթ եւ նույնականացման քարտ:
Պաշտպանի գրությունների արդյունքում՝ Ոստիկանության անձնագրային բաժանմունքը հաշվառել է կնոջը եւ տրամադրել նույնականացման քարտ:
***
Վանաձորի զինկոմիսարիատը 23-ամյա հիվանդ երիտասարդին չէր տրամադրում հասանելիք 3 տարվա տարկետումը:
Օմբուդսմենի եւ Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում երիտասարդին տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով:
***
Պաշտպան Կարեն Անդրեասյանին է դիմել 36-ամյա տղամարդը՝ հայտնելով, որ երկու տարի է՝ ձգձգվում է իրեն անձնագիր տրամադրելու հարցը:
Տղամարդու խնդրով Պաշտպանը համագործակցել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ: Արդյունքում դիմումատուին տրամադրել են անձնագիր:
***
ԱՄՆ քաղաքացին դիմել է Պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում կատարված հանցագործության խնդրով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել:
Պաշտպանի եւ Գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի արդյունքում ԱՄՆ քաղաքացին ստացել է իր դիմումների պատասխանը:
Պաշտպանի աշխատակազմ