24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շիրակում ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված  քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է կրթության, 21-ը՝ տեղական ինքնակառավարման, 12-ը՝ քաղաքաշինության, 3-ը՝ կադաստրային, 1-ը զորակոչային, 6-ը՝ գյուղատնտեսության, 9-ը բանկային և վարկային կազմակերպությունների, 14-ը առողջապահության, 19-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 10 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով:

2019 թ. ընթացքում հարուցված քրեական գործերով 64 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 12 ղեկավար, համալսարանի ռեկտորի 1 տեղակալի, դպրոցների 11 տնօրեն, 3 փոխտնօրեն, 4 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 2 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտների 11 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի և սպորտ դպրոցի 5 տնօրեն, 12 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 6-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 294.744.633 ՀՀ դրամ, որից 197.742.526  ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ:

Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը մոտ 6 անգամ գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (48.726.840 ՀՀ դրամ): Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: Իսկ 2019թ. ընթացքում վերականգնված վնասը 4.3 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը (45.958.679 ՀՀ դրամ):

Բացի այդ, դատարանում ավարտված 7 քրեական գործերով բավարարել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը՝ ընդհանուր մոտ 14 մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:

2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 47 միջնորդագրեր, որոնցից 41-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն, «Հայփոստ» ՓԲ ընկերության մեկ աշխատակից և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող ՊՈԱԿ-ի մեկ տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել են 467 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության  և այլ ոլորտներ:

Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 91 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:     

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ