Սահմանադրական բարեփոխումների չկայացման դեպքում Կոստանյանը հրաժարական չի տա /վիդեո/
՛՛Սահմանադրական բարեփոխումների տապալման կամ չտապալման հետ կապված չէ իմ գործունեությունը: Ես այս խմբում ընդգրկված եմ որպես սահմանադրագետ՛՛,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցի, թե հրաժարական կտա, եթե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը տապալվի:
Կոստանյանն ընդգծեց, որ իր թեկնածուի կոչումը ստացել է պաշտպանելով ՛՛Պառլամենտարիզմը ՀՀ-ում՛՛ թեմայով ատենախոսությունը, դասավանդում է ԵՊՀ-ի համապատասխան ամբիոնում ու այս խմբում ընդգրկվելը ՛՛դա հեչ կապ չունի իմ դատախազական աշխատանքի հետ՛՛:
Կոստանյանն ասաց, որ կառավարման մոդելի հետ կապված մասնագիտական խորհուրդը դեռևս մեկ միասնական եզրակացության չի եկել, սակայն ինքը խորհրդարանական համակարգին է ավելի շատ կողմնակից, քանի որ վստահ է՝ Հայաստանը կարիք ունի կուսակցական համակարգի ձևավորմանը: ՛՛Այսօր կուսակցությունները հիմնականում անձերի վրա են կառուցված, իսկ այդ դեպքում կունենանք պատասխանատու կուսակցական համակարգ՛՛: Հարցին, թե նախագահի կարծիքը չի կաշկանդի մասնագիտական խմբին, նա պատասխանեց, որ նախագահը կառավարման ձևի վերաբերյալ կարծիք չի հայտնել,մասնագիտական խումբը ստեղծել է այն նպատակով,որ իրենք կարողանան մասնագիտական տեսակետից ասել, թե ինչ տարբերակներ կան առկա խնդիրները լուծելու համար:
Կոստանյանը հիշեցրեց, որ նախագահն ասել է, որ այլևս չի լինելու նախագահ կամ վարչապետ: Դիտարկմանը, որ նախագահը չի հերքել, որ խորհրդարանի նախագահ կարող է դառնալ, իսկ իր խոսքից ենթադրվում է, որ այդ համակարգին ենք անցում կատարելու, նա արձագանքեց՝ նշելով, որ խումբը դեռևս կարծիք չի հայտնել մոդելի վերաբերյալ:
՛՛Եթե հայեցակարգը նայեք, այնտեղ գրված չէ, թե ինչ մոդելի մասին է խոսքը, այնտեղ ասված է, որ մենք այս մոդելի կիրառման դեպքում ունենալու ենք այս առավելություններն ու թերությունները, մյուսի դեպքում՝ այ սրանք՛՛,-եզրափակեց Գևորգ Կոստանյանը: