Շարժական կլինիկա` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին
ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնին նվիրաբերված շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի բացումը։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
“Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում”,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների շրջանում անվճար հիմունքներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլեւ դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները եւ այլ հիվանդությունները` պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:
Ապահովելով բժշկական ծառայությունների մատչելիությունը` միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաեւ խնամքի ժամանակին տրամադրմանը։
Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը` 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։
Դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ՁԻԱՀ-ի, ինչպես նաեւ այլ վարակների դեմ պայքարը Ռուսաստանի միջազգային հումանիտար համագործակցության մի մասն է կազմում:
“Մեր երկիրը նորանոր ջանքեր է գործադրում այլ երկրների հետ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Մենք կարեւորում ենք հատկապես ԱՊՀ գործընկերների հետ համագորակցության ընդլայնումը: Այս ենթատեքստում այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության”,-ընդգծեց դիվանագետը։
Վոլինկինը նաեւ կարծիք հայտնեց, որ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրն առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր սկիզբ է:
Հաջողություն մաղթելով ծրագրին` դեսպանը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին` ցուցաբերած աջակցության համար:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշեց, որ շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին Մոսկվայում կայացած Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ:
Նշվեց, որ Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:
Շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ կտա ծառայությունները տրամադրել ընդհանուր փաթեթի շրջանակում, որը ներառում է վիրուսային հեպատիտների, սեռավարակների, ինչպես նաեւ գինեկոլոգիական եւ ուլտրաձայնային հետազոտություններ, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության եւ այլ հարցերով խորհրդատվություններ:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր առողջապահական ծրագրի իրականացման գործում կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումն ու ռիսկի գործոնների բացահայտումը:
“Հաշվի առնելով, որ շարժական կլինիկան հագեցած է նաեւ ախտորոշիչ այլ սարքավորումներով, այն կնպաստի առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Բժշկական-ախտորոշիչ համալիրի գործունեությունը կնպաստի բժշկական ծառայությունների հասանելիությանը եւ դիմելության բարձրացմանը”,-ասաց նախարարը:
Շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաեւ ոլորտում գործող պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: