23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձկնաբույծները բնապահպանության նախարարությունում էին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է  “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ի վարչության անդամներին՝ կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի գլխավորությամբ: 60 ձկնաբուծական տնտեսություն միավորող հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին՝ հանդիպում կազմակերպելու եւ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հուզող հարցերը քննարկելու խնդրանքով:

   Նախարար Արամայիս Գրիգորյանը, արձանագրելով Արարատյան հարթավայրում առկա  խորքային ջրերի մակարդակի իջեցման հիմնախնդիրը, տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այն լուծելու ուղղությամբ ծրագրային քայլեր է կատարում, սակայն կցանկանար լսել նաեւ ձկնաբույծների մոտեցումները խնդրի լուծման ուղիների վերաբերյալ եւ ստանալ նրանց աջակցությունը, քանի որ կառավարությունը չի կարող միայնակ լուծել կուտակված խնդիրները:

“Այս հանդիպումը կարեւոր է բոլորիս համար, քանի որ մենք այսօր տարածաշրջանում ունենք ջրային պաշարների խնայողության հրատապ անհրաժեշտություն: Հարցն այնքան օրախնդիր է, որ կառավարությունը որոշում է կայացրել վճռական քայլերի գնալու: Այս քայլերին գնալիս մենք մեր առջեւ խնդիր ենք դրել հաշվի առնել նաեւ ձկնաբույծների շահերը: Մենք պետք է կարողանանք նվազեցնել օգտագործվող ջրի քանակը, հետագայում անդառնալի կորուստներից խուսափելու համար”,-շեշտել է նախարարը:

 “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ձկնաբույծների մտահոգությունը՝ կապված Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի մակարդակի իջեցման վերաբերյալ, ինչը վտանգում է երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու հեռանկարները: Վերջինս մտահոգիչ է համարել այն իրողությունը, երբ որոշ ձկնաբուծական տնտեսություններ ընդերքից վերցնում են անհամեմատ ավելի շատ ջուր, քան իրենց անհրաժեշտ է տվյալ քանակի ձուկ արտադրելու համար:

 Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է համապատասխան նախագիծ, ինչը հնարավորություն կտա ձկնաբուծության ոլորտում նվազեցնել ջրօգտագործման ծավալները: Այս աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որ չվնասեն ձկնարտադրությանը: Նախարարը խորհուրդ է տվել ձկնաբույծներին իրենց տնտեսություններում ներդնել նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն նվազագույնի հասցնել միավոր ձկան արտադրության համար անհրաժեշտ ջրաքանակը, այլ նաեւ կխթանեն  տնտեսությունների զարգացումը: Ըստ նախարարի, զուգահեռ աշխատանքներ են տարվելու նաեւ ապօրինի խորքային հորերի փակման ուղղությամբ: Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ աշխատանքների այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու ինքնաշատրվանող հորերի կոնսերվացման եւ լուծարման վրա, որպեսզի տարվող աշխատանքներն արդյունք տան:

   Ձկնաբույծներն իրենց պատրաստակամությունն են հայտնել  ողջ կարողություններով աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանն արտեզյան ավազանի հիմնահարցի լուծման հարցում, քանի որ գիտակցում են, որ երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է խորքային ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործել:

“Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ի վարչության անդամները նախարար Արամայիս Գրիգորյանին հրավիրել են աշխատանքային այց կատարել իրենց տնտեսություններ՝ արտադրական գործընթացին տեղում ծանոթանալու եւ ոլորտի խնդիրներն ավելի հանգամանալից քննարկելու համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ