Շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով տեղերում ընթացող աշխատանքներին: Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված Արաբկիրի թիվ 33 գրադարանում ընթացող աշխատանքների ընթացքին հետեւելիս պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում փոխվում են դռներն ու պատուհանները, վերանորոգվում է ընթերցասրահն ու գրապահոցը: Ի դեպ, այս գրադարանը վերջին անգամ վերանորոգվել էր նախորդ դարի 60-ական թվականներին: Այսօր մայրաքաղաքում գործող թվով 37 գրադարանից 13-ում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց մեծ մասը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին: Ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն հետեւել հատկապես որակի ապահովմանը:
“Երեւան քաղաքի զարգացման ծրագրերում մենք որպես առաջնահերթություն առանձնակի կարեւորել ու կարեւորում ենք քաղաքապետարանի ենթակայության կրթական եւ մշակութային հաստատությունների հիմնախնդիրներն ու, ըստ այդմ, նպատակային քայլեր ենք ձեռնարկում դրանք հետզհետե կարգավորելու ուղղությամբ: Այս համատեքստում, ինչպես գիտեք, մենք անցած երկու տարիների ընթացքում նախաձեռնեցինք ու իրականացրինք ինչպես կրթական հաստատությունների, այնպես էլ մշակութային կրթօջախների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը, որի արդյունքում այսօր մայրաքաղաքում այլեւս չունենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող չջեռուցվող դպրոց, մանկապարտեզ կամ մշակութային օջախ: Անցյալ տարի ջեռուցման համակարգերով ապահովեցինք նաեւ մեր բոլոր գրադարանները եւ այժմ էլ, ինչպես տեսնում եք, սկսել ենք հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը”,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել եւ առաջնային է համարել գրադարանային ֆոնդի համալրումն ու նաեւ ընդգծել, որ այս ուղղությամբ եւս ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ամեն տարի գրադարանները համալրելով նոր՝ գեղարվեստական, մասնագիտական, օտարալեզու եւ այլ գրականությամբ: Ընդ որում, այս տարի, մինչեւ սեպտեմբեր, մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կլրացվի շուրջ 200 անուն եւս մի քանի հազար գրքերով: Ի դեպ, քաղաքապետը նաեւ նկատել է, որ ամենամեծ ծավալով համալրումները կատարվել են 2012 եւ 2013 թվականներին՝ շուրջ 20 հազար կտոր տարբեր նոր գրքեր տրամադրելով:
“Սա աննախադեպ ծավալ էր անցած 20 տարիների համար, քանզի նախկինում արված համալրումները դրանից մի քանի անգամ քիչ են եղել: Վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ մեր ծրագրերը եւս լինելու են շարունակական եւ մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կհամալրենք նոր գրքերի հերթական խմբաքանակով: Աշխատանքներ են տարվում նաեւ գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ ներկայում մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 1 մլն 800 հազար կտոր գրականություն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն