Օֆշորի գործով աղմուկ կբարձրացնեն. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, օֆշորային սկանդալի պարագլուխ Աշոտ Սուքիասյանի կողմից խաբեության զոհ դարձած գերմանացի Կուլինո ամուսինները Աշոտ Սուքիասյանից իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում պատրաստվում են միջազգային աղմուկ բարձրացնել, դիմել դեսպանատուն եւ միջազգային այլ կառույցների:
Սուքիասյանի արտահանձնումից հետո Կուլինոներին առհասարակ տեղյակ չեն պահել գործի ընթացքից: Մինչդեռ երբ նա գտնվում էր Վրաստանում, նախաքննական մարմինը գերմանացի ամուսիններին վստահեցնում էր, որ Սուքիասյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո գործով ակտիվ նախաքննություն կսկսվի, եւ ամեն ինչ կպարզվի:
“Ես հերթական բողոքն էի գրել դատախազություն, որը հասել էր քննիչին, եւ նա էլ պատասխանել էր, որ եթե նորություն լինի, մեզ տեղյակ կպահեն: Բայց մինչ օրս մեզ որեւէ տեղեկություն չի հասնում: Այնպես է ստացվում, որ դեռ միայն Փայլակի մասով գործն են քննում: Հակառակ դեռպքում այս լռությունն անհասկանալի է”,- թերթի հետ զրույցում ասաց Անյա Կուլինոն:
Գերմանացի ամուսինները հավատալով Աշոտ Սուքիասյանի “անկեղծ մտադրություններին” ու նրա հավատացյալ բարեպաշտ կերպարին եւ վաճառելով Գերմանիայում գտնվող իրենց արժեքավոր բնակարանը՝ նրա “Ձորագյուղ” արտադրական կոոպերատիվին էին փոխանցել նախ՝ 80 հազար եվրո, ապա Հայաստան վերադառնալուց հետո՝ եւս 20 հազար եվրո: Գումարի դիմաց Սուքիասյանը ամուսիններին խոստացել էր՝ եթե նրանք այդ գումարը ներդնեն ադամանդի բիզնեսի մեջ, ինքը կվճարի Հայաստանում օրենքով ընդունված բանկային տոկոսի կրկնապատիկը, իսկ առաջին պահանջի դեպքում կվերադարձնի մայր գումարը: Հետագայում Կուլինոները եւս 37 հազար ԱՄՆ դոլար են տվել Սուքիասյանին: Սակայն այդ ամբողջ գումարից Անյա Կուլինոն միայն 15 հազար եվրոն է հետ ստացել, իսկ մնացածը մինչ օրս չի կարողանում ստանալ:
“Ես սպասում եմ տեսնեմ՝ նա ինչ ցուցմունք կտա, նոր կարձագանքեմ: Բայց եթե հանկարծ նրանք իմ հարցը չլուծեն, իմ փողը չվերադարձնեն, ապա ես ամբողջ աշխարհով, դեսպանատներով մեկ աղմուկ եմ բարձրացնելու”,- հավելեց նա:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: